Մատչելիության հղումներ

Զբոսաշրջության մասնագետ. Թուրքիա հայերը մեկնում են սննդի պատճառով, Դուբայ՝ գնումներ կատարելու


A view to a seaside in Turkey
A view to a seaside in Turkey
Ըստ զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների՝ արտագնա տուրիզմի մեկնող միջին հայ զբոսաշրջիկը անպայման ցանկանում է գնումներ կատարել արտերկրում եւ մեկնում է հանգստի ընտանիքի հետ: Միջին վիճակագրական զբոսաշրջիկի ակնկալիքները հանգստի երկրից շատ կանխատեսելի ու սահմանափակ են՝ ծով, լողափ, լավ սնունդ, հանրախանութներ ու հանրահայտ տեսարժան վայրեր:

Ամռանը արտերկիր հանգստի մեկնող հայաստանցի զբոսաշրջիկների թիվը հնարավոր չէ ստույգ պարզել. նման վիճակագրություն չկա: Բայց կարելի է նկատել, որ եվրոպական դեսպանատների առջեւ վիզա ստացողների ամառային հերթերը արդեն սկսվել են, քանի որ Եվրոպան հայ զբոսաշրջիկների սիրելի ու գրպանին համեմատաբար հարմար ուղղություններից է:

«Եվրոպական ծովափեր են շատ մեկնում, հիմնականում Իսպանիա, Իտալիա եւ Հունաստան, գնում են նաեւ Ֆրանսիայի հարավ, որը ավելի թանկ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց տուրիստական գործակալություններից մեկի աշխատակից Աննա Պետրոսյանը:

Այլ սեզոններին նույնպես Եվրոպան հայերի կողմից շատ պահանջված հանգստի վայր է. զբոսաշրջության մեկնում են Արեւմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրները, ամռանը` ծովափ, իսկ այլ եղանակներին` տարբեր քաղաքներ:

Եվրոպա հանգստանալու զբոսաշրջիկները մեկնում են տարբեր բյուջեներով՝ սկսած 1000 եվրոյից, վերջացրած 10 հազարով կամ ավելին: Գինն աճում է թանկ հյուրանոցների հաշվին. եթե զբոսաշրջիկը պատրաստ է մի քանի հազար եվրո վճարել, նա կհանգստանա 4 կամ 5 աստղանի հյուրանոցում:

Արեւմտաեվրոպական ծովափերից առավել մատչելին Թուրքիայի ու Բուլղարիայի ափերն են է, ուր նույնպես շատ հայ զբոսաշրջիկներ են մեկնում:

«Ամեն ինչ սկսվում է Անթալիայից, բոլորը սկզբից մեկնում են Անթալիա, իսկ ով այնտեղից հոգնում է ու բյուջեն մի քիչ մեծացնում, սկսում է գնալ եվրոպական երկրներ», - ասում է զբոսաշրջության մասնագետը:

Իմ զրուցակիցը նկատում է, որ Թուրքիա հայերը սիրում են մեկնել սննդի պատճառով. այնտեղ նրանք ուտում են օրվա ցանկացած ժամի` ըստ պահանջի: Բանն այն է, որ Անթալիայում եւ Թուրքիայի այլ ծովափնյա քաղաքներում սովորաբար հյուրանոցի վճարի մեջ ներառված է երեք անգամյա սնունդը, ինչը հայ զբոսաշրջիկներին գրավում է:

«Մարդիկ արդեն գիտեն, որ թուրքական փաթեթի մեջ ամեն ինչ ներառված է, տուրիստները ասում են, որ սնունդը ձրի է, բայց իրականում դրա համար նախօրոք վճարում են», - հայտնում է Աննա Պետրոսյանը:

Ամռանը հայ զբոսաշրջիկները նաեւ հնդկական ծովի կղզիներ են մեկնում, թեեւ այդ ուղղությունը պահանջված է հիմնականում աշնանը, քանի որ ամռանը այնտեղ անձրեւներ են: Այս կղզիները եվրոպական ուղղություններից ավելի թանկ արժեն, մեկ անձի հանգիստը 7 օրվա համար կկազմի մոտ 7000 ԱՄՆ դոլար:

«Հնդկական ծովի կղզիներ մեկնում են հիմնականում նորապսակներ կամ զույգեր առանց երեխաների: Այդպիսի պատկերացում ունենք՝ մաքուր ջուր, պալմաներ, ու ցանկանում ես մենակ լինել քո սիրած մարդու հետ», - ասում է Անգելինա Թովմասովան:

Եթե ամռանը ծովափերն են պահանջված, ապա տարվա բոլոր մյուս եղանակներին հանրահայտ ուղղություն է ԱՄԷ-ը, որը նույնպես քիչ թե շատ մատչելի է, եւ այնտեղ մեկնում են Երեւանից ուղիղ չվերթով: Դուբայում հայերը հանգիստը համատեղում են գնումների կատարելու հետ: Գնում են ինչ ասես՝ սկսած հագուստից, վերջացրած կահույքով ու կենցաղային տեխնիկայով:

Հայաստանում որոշ նոր զբոսաշրջային ուղղությունների հանկարծակի տարածված դառնալը, ինչպես վերջին տարիներին Շրի Լանկան էր, հիմնականում պայմանավորված է որեւէ ավիաընկերության ստեղծած նոր չվերթով: Հայ զբոսաշրջիկների հոսք սկսվեց դեպի Շրի Լանկա Դուբայ -Շրի Լանկա ուղիղ չվերթի ստեղծման պատճառով, որը համեմատաբար մատչելի դարձրեց հանգիստը այդ երկրում: Նույն պատճառով Հայաստանից շատ են Թայլանդ մեկնորղները, իսկ, օրինակ, Վիետնամ կամ Սինգապուր հատուկենտ մարդիկ են մեկնում:

Հայաստանից դուրս գնացող զբոսաշրջիկների շարքում հազվադեպ են հանդիպում ծովային կամ լեռնային սպորտներով զբաղվել ցանկացողները:

please wait

No media source currently available

0:00 0:06:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG