Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ում հերքում են ընկերության հնարավոր վաճառքի լուրը


Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան հերքեց մոսկովյան Gazeta.ru պարբերականի հրապարակած այն տեղեկությունը, թե ռուսաստանյան ընկերությունները` մոսկվայաբնակ հայազգի գործարար Հարություն Փամբուկյանի հետ միասին, ցանկանում են գնել «Արմավիա»-ն եւ այդ նպատակով արդեն իսկ արել են համապատասխան առաջարկ:

«Արմավիա»-ն չի վաճառվում, եւ նման առաջարկ էլ չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ավետիսովան` հավելելով, թե ավիաընկերությունը շարունակում է իր ավիաչվերթների ընդլայնման քաղաքականությունը եւ առաջիկայում նոր չվերթներ են բացվելու դեպի Բիրմինհեմ (Մեծ Բրիտանիա) ու Ամրիսթար (Հնդկաստան), ավելացվելու է Բեյրութ տանող չվերթի հաճախանականությունը եւ այլն:

Gazeta.ru-ի այսօրվա հրապարակման համաձայն, 2011 թվականին Հայաստանից Մոսկվա տեղափոխված գործարար Հարություն Փամբուկյանը առաջարկել է «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին 55 միլիոն դոլարով իրեն ու ռուսական ընկերություններին (որոնց անունները չեն նշվում) վաճառել ավիաընկերությունը: Պարբերականը հավելում է, թե մինչեւ այս տարվա վերջ «Արմավիա»-ն կարող է վաճառվել, թեեւ չի նշվում, թե Բաղդասարովը ինչպես է արձագանքել առաջարկությանը:

Gazeta.ru-ն հիշեցնում է, որ վերջին շրջանում «Արմավիա»-ն բախվել է ֆինանսական լուրջ դժվարությունների:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG