Մատչելիության հղումներ

Սաքունցը Ռոմպոյի հետ հանդիպմանը անդրադառնալու է Վահե Ավետյանի դեպքին


Իրավապաշտպան Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունց
Այսօր երեկոյան երկօրյա այցով Հայաստան է ժամանում Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

Ռոմպոյը «Զվարթնոց» օդակայանից պետք է անմիջապես մեկներ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դներ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, քանի որ նա նախատեսվածից մեկ ժամ ուշ կժամանի Երեւան, ապա նրա այցը տեղափոխվել է վաղը:

Երեկոյան Եվրոպական խորհրդի ղեկավարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր։ Հանդիպումից հետո արդեն ուշ երեկոյան Սերժ Սարգսյանն ու Հերման վան Ռոմպոյը նախագահի նստավայրում հանդես կգան համատեղ ասուլիսով:

Չորեքշաբթի առավոտյան վան Ռոմպոյը կառավարության ընդունելությունների տանը մասնակցելու է «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական ֆորումին, որտեղ հանդես կգա ելույթով: Ֆորումի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ֆորումի ընթացքում քննարկվելու են Արեւելյան գործընկերության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր, մասնավորապես, հասարակական կազմակերպությունները իրենց դիտարկումներն են ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ճիշտ կառավարմանը վերաբերող հարցերի շուրջ:

Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարն ասաց, թե ինքը ֆորումի ընթացքում ներկայացնելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին վերաբերող մտահոգություններ. - «...որ ընդհանապես մարդու իրավուքների հետ կապված մենք ունենք լուրջ մտահոգություններ գործող մեխանիզմների, դատական համակարգի, փաստաբանական ինստիտուտի, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, իրավապաշտպանական գործունեության հետ կապված այն ռիսկերը, մտահոգությունները, որոնք էապես նվազեցնում են մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: Սա հերթական հնարավորությունն է, որպեսզի քաղաքացիական հասարակության ինստիտուտները ներկայացնեն իրենց մոտեցումները, մտահոգությունները եւ խնդիրները, որոնք հաշվի կառնեն Եվրամիության ներկայացուցիչները եւ նաեւ Հայաստանի իշխանությունները Ասոցացման պայմանագրի կնքման ժամանակ», - ասաց նա:

«Առաջին անգամ է, որ Եվրամիության-Հայաստան համագործակցության շրջանակներում քաղաքացիական հասարակության ինստիտուտները ունեն ուղղակի մեծ դերակատարում եւ իրենց կարծիքը ներկայացնելու հնարավորություն: Նախորդ անգամներում նման կարգավիճակ չունեինք», - շեշտեց Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը նաեւ ասաց, որ վաղը Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալու է նաեւ «Հարսնաքար»-ում դաժան ծեծի արդյունքում սպանված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի դեպքին:

«Անխուսափելիորեն այս վերջին դեպքը, որը կապված է Ազգային ժողովի պատգամավորի բիզնեսի, իշխանակական կուսակցության ներկայացուցչի հետ, դա լուրջ քննարկման հարց է դառնալու», - ասաց նա:

Չորեքշաբթի առավոտյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետ Հերման վան Ռոմպոյը հանդիպելու է նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նա խորհրդարանում նաեւ հանդես կգա ելույթով:

Ի դեպ, այն պահին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը նախատեսում է այցելել Ազգային ժողով, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը խորհրդարանի առջեւ բողոքի ակցիա է անցկացնելու՝ պահանջելով պատգամավորական մանդատից զրկել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին:

please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG