Մատչելիության հղումներ

Հուլիսի 3-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Մեր հասարակությունն աչքներիս առաջ, լավ իմաստով, անհանդուրժող է դառնում ամեն վատ բանի նկատմամբ՝ լինի ողբերգական ու անիմաստ մահով վախճանված երիտասարդի դեպք, թե մայրաքաղաքի կանաչ տարածքի մի հատվածի համար պայքար: Մի տեսակ հասարակական հանդուրժողականության ռեսուրսը սպառված է… Գուցե այս անգամ էլ մարի բողոքի ալիքը, ու մարդիկ կրկին իրենց տները գնան՝ շարունակելով հանդուրժել այս իշխանություններին ու ստեղծված իրավիճակը: Բայց եւս մի նման դիպված կարող է վերջ տալ ամեն ինչին: արդկանց ամբոխը կարող է լցվել փողոցներն ու ջնջել-սրբել իր ճանապարհին հայտնված ամեն ինչ»:

«Ժամանակ» թերթում կարդում ենք. - «Բժիշկ Վահե Ավետյանի դաժան մահից հետո հասարակության տարբեր շերտեր, տարբեր քաղաքական հայացքների եւ պատկանելության տեր մարդիկ միասնաբար բողոքում են եւ արդարադատություն պահանջում: Ակնհայտ է նաեւ, որ այդ պահանջի հիմքում զուտ իրավական խնդիր չէ, զուտ իրավական պատասխանատվությունը չի գոհացնելու հասարակությանը, քանի որ համբերության բաժակը լցվել է, եւ այստեղ մարդիկ համակարգային, ամբողջական փոփոխություններ են պահանջում, որպեսզի ոչ միայն եղածը դատապարտվի, այլ նաեւ փակվեն նորերը լինելու ճանապարհները, եւ ի վերջո Հայաստանում հաստատվի այն մթնոլորտը, երբ չկա քրեաօլիգարխիկ համակարգի բեսպրեդելը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Պարզ է, որ քաղաքական ուժերն այս ողբերգությունից կքամեն ամեն ինչ, մինչեւ վերջին կաթիլը՝ քարոզելու նպատակով: Պարզ է նաեւ, որ քաղաքականապես ակտիվ երիտասարդների համար «Նեմեց՝ մարդասպան» վանկարկելը կայացման ձեւ է եւ խիզախության դրսեւորում: Բայց երբ իշխանության ներկայացուցիչները կոչ են անում այդ զարհուրելի հանցագործությունը չքաղաքականացնել, դա էլ է երեսպաշտություն: Ես չեմ կարող չքաղաքականացնել երկու պատճառով. 1. սպանությունը 90-ականների կեսերից ստեղծված համակարգի արդյունք է. իշխանությունը բուծել է օրենքի վրա թքող իր սիրեցյալներին, առաջին հերթին՝ օլիգարխներին, վերջիններս էլ բուծել են թիկնապահ կոչվող զոմբիներին, 2. «Առագաստ» սրճարանում համանման հանցագործություն կատարած նախագահի թիկնապահը ստացել է երեք տարի պայմանական. քանի որ Կուկուին «պլստացրել» են, դա կարող են անել նաեւ այս մարդասպանի հետ»:

«Ուժային չորրորդ բեւեռը» վերնագրի ներքո «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Այսօր Հայաստանում գոյություն ունեն չորս ուժային կառույցներ` բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ օլիգարխների թեկնազորները, որոնք ըստ էության ապօրինի զինված կազմավորումներ են: Այս չորրորդ ուժային կառույցն իրականում բավականին հզոր է եւ ամենեւին էլ միայն այս կամ այն օլիգարխի անձնական թիկնապահներից չի կազմված: Հայաստանում, ինչպես հայտնի է, կան մեկ տասնյակից ավելի օլիգարխներ, որոնք ունեն բազմաթիվ ռեստորաններ, շուկաներ, գործարաններ, խանութներ եւ այլն: Եվ դրանք բոլորն իրենց հերթին ունեն անվտանգության ծառայություններ: Ահա եւ ստացվում է, որ խոսքը առնվազն 4-5 հազարանոց լավ զինված, տեխնիկապես հագեցած ու գործնականում անվերահսկելի կառույցի մասին է»: Թերթը բխեցնում է. - «Տեսականորեն Սերժ Սարգսյանը, իհարկե, կարող էր տեղի տալ ճնշումներին եւ վերացնել ապօրինի զինված կազմավորումները, բայց առջեւում ընտրություններ են. ո՞վ պիտի կեղծի, եթե ուժային չորրորդ բեւեռը վերանա»:

«Երկիր» օրաթերթը գրում է. - «Հստակ է, որ քանի դեռ ուժի մեջ չէ թիկնազորային գործունեությունը կանոնակարգող օրենքը, իր թիկնապահների ցանկացած գործողության համար պատասխանատու է նրանց վարձած ծառայություններից օգտվող անձը, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ թիկնապահ կոչվողների մեծամասնությունն ավելին չէ, քան «շեֆի» հավատարիմ կամակատարը, որը իրեն կարող է թույլ տալ օրենքի վրայով անցնել միայն շեֆի դաբրոյով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG