Մատչելիության հղումներ

Տուբերկուլյոզով հիվանդների թիվը մի փոքր նվազել է


17-ամյա Լիլիթը արդեն 8 տարի հիվանդ է տուբերկուլյոզով: Ծնողազուրկ այս աղջիկն ապրում է քրոջ ընտանիքի հետ, որտեղ վերջերս երկրորդ երեխան է ծնվել: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ չնայած Լիլիթի հիվանդության ծախսերը հոգում է պետությունը, ինչպես նախատեսված է այս հիվանդության դեպքում, սակայն սոցիալական վատ վիճակը, խոնավ պայմանները, թերսնուցումը չեն թողնում, որ 17-ամյա աղջիկը ամբողջովին ապաքինվի:

Լիլիթի քույրը՝ Լուսինեն, պատմում է, որ բժիշկներին ասել են, թե քրոջ վիճակը վտանգավոր չէ, նա վարակակիր չէ, եւ փոքրիկներին վարակելու մտահոգություն չկա:

Վերջին տարիներին տուբերկուլյոզով հիվանդների թիվը ողջ աշխարհում կտրուկ աճել է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Եվրոպայում տարեկան տուբերկուլյոզի 80 հազար դեպք է գրանցվում, որոնք չեն բուժվում սովորական հակաբորբոքիչներով: Կազմակերպությունը նշում է, որ հիվանդությունն առավել տարածված է Արեւելյան Երոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Ադրբեջանում: «Բժիշկներ առանց սահմանների» հայաստանյան առաքելության ղեկավար Ջանթի Փրայան դեռ անցած տարի հայտարարեց, որ Հայաստանը անկախությունից հետո այն 27 երկրների շարքում է, որտեղ տուբերկուլյոզով հիվանդների բարձր մակարդակ կա, մինչդեռ Հայաստանի առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանն ասում է, որ Հայաստանում այս հիվանդությունը դեպի նվազում է գնում:

«Եթե համեմատենք 2011 թվականի առաջին եռամսյակի հետ, ապա շուրջ 15-20 դեպքով այսօր նվազում ունենք, նույնը՝ մահերին է վերաբերվում. մահվան 12 դեպքի տարբերություն ունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայրապետյանը:

Տուբերկուլյոզը շատ հաճախ որակվում է որպես աղքատների հիվանդություն, քանի որ սոցիալական վատ վիճակների պատճառով այն ավելի է սրվում, բարդանում, բուժումը՝ երկարաձգվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը բավական բարձր է, ու նույնիսկ, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ բնակչության մոտ 36 տոկոսն աղքատ է, արդյո՞ք տարօրիանկ չէ, որ աշխարհում այս հիվանդությունով տառապողները շատանում են, իսկ մեզ մոտ մասնագետները այլ պատկերն են նկարագրում: Արմեն Հայրապետյանը հավաստիացնում է, որ 2006-ից մինչ օրս հիվանդության եւ մահացության տոկոսը նվազել է. եթե 2006 թվականին 100 հազար բնակչի հաշվով 50 հիվանդ էր, ապա 2011-ին՝ ընդամենը 38:

Արմեն Հայրապետյանը նշեց նաեւ, որ է, որ հիվանդության զարգացմանը խորապես նպաստում է նաեւ արտագնա աշխատանքը:

«Դեպքերի 13 տոկոսը միգրանտների շրջանում է. ընդհատումները տուբերկուլյոզի բուժման մեջ բավականին լուրջ խնդիր են, որովհետեւ դեղորայքի ցանկացած անկանոն ընդունում բերում է նրան, որ հետո այդ պրեպարատները կարող են նույնիսկ չազդել, եւ մենք գործ ունենանք ավելի ծանր դեպքերի հետ: Շատ են լինում, որ հատկապես Ռուսաստանից, Ուկրաինայից ժամանած մեր հիվանդների մեջ բավականին ծանր դեպքերով հիվանդներ են լինում», - ասաց Հայրապետյանը:

Պետությունը պարտավորություն ունի հոգալ տուբերկուլյոզ հիվանդությամբ տառապող մարդկանց առողջական ծախսերը` դեղերից սկսած, սննդով վերջացած: Սա նաեւ փաստեց Արմեն Հայրապետյանը. - «Հիվանդները ստանում են նաեւ սոցիալական աջակցություն սննդային եւ հիգիենիկ փաթեթների տեսքով»:

Սակայն Լուսինեն ասում է որ այս 8 տարիների ընթացքում իրենք դեղորայիքց բացի ոչ մի բան չեն ստացել պետությունից:

Հայարպետյանը, վստահեցնում է՝ պետությունն անում է հնարավոր բոլոր քայլերը այս հիվանդությամբ տառապող մարդկանց բուժելու համար եւ նման ընտանիքիները չեն կարող վրիպել պետության ուշադրությունից:

«Եթե հայտնաբերվում է նման ընտանիք, մենք անխտիր հետազոտում ենք բոլոր կոնտակտավորիներին», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG