Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանապետը Ավետյանի հետ կատարվածը «հիմարության եւ անդաստիարակության» արդյունք է համարում


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ հուլիսի 1-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանում արձանագրված միջադեպին, երբ փոխգնդապետ, Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը սպառնացել էր պայթեցնել ռեստորանը: Սամվելյանն արդեն ձերբակալված է:

Հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել կիրակի գիշերը «Հարսնաքար»-ում, իսկապե՞ս զինվորական փոխգնդապետը փորձել է պայթեցնել հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանը, ոստիկանապետը պատասխանեց. - «Չեմ կարծում, որ իսկապես ուզեցել է պայթեցնել: Կարծում եմ, որ ոգելից խմիչք է օգտագործած եղել եւ նախաձեռնություն է ցուցաբերել: Կարծում եմ` նախաքննությունը կտա իր բոլոր գնահատականները»:

Ինչ վերաբերում է փոխգնդապետի կողմից «Հարսնաքար» բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքին, ապա Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե զինվորականը պնդել է, թե դրանք զորամասից չի բերել:

«Նա հայտարարում է, թե զորամասից դուրս է գտել ինչ-որ տեղ... դա դեռ պետք է հիմնավորել, ապացուցել», - ասաց նա:

Գասպարյանը անդրադարձավ նաեւ «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված, այնուհետեւ գլխուղեղի վնասվածքներից մահացած Վահե Ավետյանի դեպքին: Ոստիկանապետը տեղի ունեցածը համարում է օրենքը արհամարհելու արդյունք: Ոստիկանապետը նշեց, որ առաջիկայում վերացնելու են օլիգարխի թիկնապահների ինստիտուտը, ասաց` թող ազնիվ աշխատեն եւ թիկնապահի կարիք չեն ունենա:

Հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածը երկրում գոյություն ունեցող անպատժելիության մթնոլորտի ապացույց չէ, ոստիկանապետը պատասխանեց. - «Իմ կարծիքով, դա հիմարության եւ անդաստիարակության արդյունք է, օրենքներն արհամարհելու արդյունքն է, զոռբայության արդյունք է: Ես կարծում եմ, որ այդ զոռբայության դեմը մենք կառնենք: Այսպես ասած թիկնապահի ինստիտուտ այստեղ գոյություն չունի, ուղղակի հասարակության մեջ ընդունված է, օգտագործվում է այդ բառը: Թիկնապահներ կան մեր գերատեսչությունում, իսկ այդ մարդիկ, ովքեր թիկնապահ են համարվում, ուղղակի մարդիկ են, որոնք իրենց կոչել են թիկնազոր, եւ ման են գալիս: Չեն լինելու այդպիսի բաներ: Հիմա Ազգային ժողովում այդպիսի օրենքի քննարկումներ է գնում, եւ չի լինելու այդպիսի բաներ: Թող ազնիվ լինեն եւ [օլիգարխներին] դա պետք չի լինի»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Հարսնաքար»-ի գործով հարցաքննվել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, եւ արդյո՞ք նա եւս պետք է պատասխանատվություն կրի, Գասպարյանը ասաց, թե իր կարծիքը օրենքի հետ համահունչ է եւ նախաքննությունը բոլոր այդ հարցերին կպատասխանի:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG