Մատչելիության հղումներ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, արտաքին ուժերն այսօր միջամտում են Դաշնակցության ներքին գործերին, փորձում են խնդիրներ ստեղծել կուսակցությունում եւ նպատակ ունեն փոխել Դաշնակցության ներկայիս ղեկավարությանը:

Նման հայտարարություն Մարգարյանն արեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են ճիշտ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, որ խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցության ներսում առաջացել են լուրջ հակասություններ:

«Մենք կենդանի օրգանիզմ ենք, եւ ընտրություններ են ավարտվել, որտեղ, մեղմ ասած, մենք փայլուն արդյունք չենք ունեցել։ Եվ շատ բնական է, որ կուսակցության մեջ լինեն դժգոհություններ, մտահոգություններ, տարբեր կարծիքներ։ Սա բնական է։ Եթե չլիներ, կնշանակեր, որ մենք առողջ կուսակցություն չենք», - ասաց Հրանտ Մարգարյանը, - «Բայց հարցը դրա մասին չէ։ Այն, ինչ այսօր մամուլի մեջ փորձում են ներկայացնել, բացարձակ ստի վրա է հիմնված»։

Դաշնակցական գործիչը շարունակեց․ - «Եվ նպատակ կա․ երբ մենք լավ արդյունք չենք ունեցել, պարարտ հող է ստեղծվում արտաքին միջամտությունների համար։ Մեզ խորհուրդ են տալիս, որ պետք է ամերիկյան ուժ դառնաք, մեզ խորհուրդ են տալիս, որ պետք է խորհրդարանական պայքարից հրաժարվեք՝ իբր թե պիտի միայն հեղափոխական կուսակցություն դառնանք։ Մեզ խորհուրդ են տալիս, որ Ղարաբաղում ում պաշտպանենք, ում չպաշտպանենք։ Այս տեսակ խորհուրդները շատ են։ Սրանք միջամտություններ են։ Փորձում են Դաշնակցության մեջ խնդիրներ ստեղծել»։

Նա տեղեկացրեց, որ հուլիսի 5-ին կայանալու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը։

«Բնականաբար, նախքան ժողովը էլի արտաքին միջամտությունը սկսեց շատանալ։ Գիտեմ, որ մեր կազմակերպության մեջ հարցերը այդպես չեն քննարկվում եւ հավատացած եմ, որ այս ժողովը կգա, բոլոր ասեկոսները կփարատվեն եւ ինչպես միշտ՝ այդ, ինչ գրվել է մամուլում, սուտ դուրս կգա», - հավելեց Հրանտ Մարգարյանը։

Նա, սակայն, չմանրամասնեց, թե որո՞նք են իր կողմից նշված արտաքին ուժերը, որ փորձում են փոխել Դաշնակցության ներկայիս ղեկավարությանը:

«Կասեմ, որ արտաքնապես իրարից տարբեր թվացող ուժեր մեկ հարցում միակամ են դարձել։ Այսօր պահն է, որ եթե կարողանան Դաշնակցության մեջ այնպիսի մի խնդիր ստեղծել, որ Դաշնակցությունն այլեւ Հայաստանում չկարողանա մեջքը ուղղել», - նշեց դաշնակցական գործիչը։

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված իրենց պլաններին, Հրանտ Մարգարյանը, մասնավորապես, ասաց․ - «Այս ընտրությունները միայն մեկ բան արձանագրեցին, որ մենք կազմակերպված ձեւով մեր ժողովրդին տարանք բարոյալքման։ Այս ֆոնի վրա որքան էլ, որ մարդ դրական լինի եւ փորձի իր շրջապատին պատրաստել դրական պայքարի, պետք է արձանագրենք, որ առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունները փայլուն ենթահողի վրա չեն տեղի ունենում»։

«Բայց պետք է մի բան գիտակցել, որ ժողովրդավարությունը պրոցեսի արդյունքով է, որ կայանում է երկրում։ Եվ այդ անհրաժեշտ պրոցեսը մենք պարտավոր ենք քայլենք։ Մենք պարտավոր ենք նախագահական ընտրություններին կազմակերպված մասնակցել, պարտավոր ենք դարձյալ փորձել, որովհետեւ այս ընտրությունները մի բան ապացուցեցին, որ ապաքաղաքականացված հասարակությունը ընդունակ է մեծ սխալների», - հավելեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

XS
SM
MD
LG