Մատչելիության հղումներ

Կիպրոսը ջահն ընդունեց Դանիայից


Կիպրոսի եւ Եվրամիության դրոշները, Նիկոսիա, 1-ը հուլիսի, 2012թ.
Կիպրոսի եւ Եվրամիության դրոշները, Նիկոսիա, 1-ը հուլիսի, 2012թ.

Հուլիսի 1-ից Եվրոպական միության նախագահությունը Կոպենհագենից վեց ամսով փոխանցվել է Նիկոսիային։

Հուլիսի 1-ից Եվրամիության Նախարարների խորհրդի նախագահությունը ստանձնած Կիպրոսը եվրոյի գոտու արդեն հինգերորդ երկիրն է, որն Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Եվրոպական կենտրոնական բանկից ֆինանսական օգնություն է խնդրում։

Այսօր այդ երկու կառույցների պաշտոնյաները ժամանում են Նիկոսիա, որտեղ բանակցելու են Կիպրոսի ղեկավարների հետ։

Նիկոսիայում պնդում են, որ երկրի ֆինանսատնտեսական բարդությունները բխում են հարեւան Հունաստանի ճգնաժամից։ Սակայն Հունաստանը, ըստ մասնագետների, եվրոյի գոտու սոսկ թույլ օղակն է, իսկ ճգնաժամն ամբողջ գոտին է պատուհասել։

Եվրոն շրջանառության մեջ դրած 17 պետություններում գործազրկությունը գերազանցել է 11 տոկոսը։ Առավել վատ է վիճակը Իսպանիայում, որտեղ գործազուրկ է բնակչության մոտ 25.5 տոկոսը, երկրորդը պարտքերի մեջ մխրճված Հունաստանն է։

«Եվրոստատ» վիճակագրական կեմտրոնի տվյալներով, եվրոյի գոտու երկրներում մայիսին ընդհանուր հաշվով աշխատանք չուներ 17 միլիոն 600 հազար մարդ, ինչը 1 միլիոն 800 հազարով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։

Ահա այսպիսի հանգամանքներում է Կիպրոսը Եվրամիության նախագահության ջահը ստացել Դանիայից։

Հուլիսի 4-ին Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը Ստրասբուրգում` Եվրախորհրդարանում կներկայացնի Եվրոպական միությունում իր երկրի նախագահության առաջնահերթությունները։

Ֆինանսական խնդիրներից զատ, Կիպրոսի համար հրատապը Թուրքիայի հետ վեճն է։ Թուրքական բանակը 1974 թվականից գրավել է Կիպրոսի տարածքի 37 տոկոսը, որը հռչակվել է միայն Անկարայի կողմից ճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»։

Ժամանակին թուրքերը սպառնացել են սառեցնել կապերը Եվրամիության հետ, եթե Կիպրոսը սկսի Եվրամիությունում նախագահել նախքան վեճի կարգավորումը։

Թուրքիան չի ճանաչում Կիպրոսը որպես միասնական պետություն եւ չունի պաշտոնական Նիկոսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ։ Դա ամենամեծ խոչընդոտն է Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ճանապարհին։

«Մենք հուսով էինք, որ Կիպրոսի հարցը կլուծվի մինչեւ 2012-ի հուլիսը, սակայն, դժբախտաբար, այդպես չեղավ։ Հիմա մենք դրական ազդակներ ենք սպասում Կիպրոսի հույներից, որեւէ բան ասելու նրանց հերթն է», - ասել է Եվրոպական միությունում Թուրքիայի դեսպան Սելիմ Ենելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG