Մատչելիության հղումներ

logo-print

Անդրեասյանը «իբրեւ քաղաքացի» դատապարտում է «Հարսնաքարում» տեղի ունեցածը


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր այսօր մասնակցությամբ մամուլի ասուլիսն առաջարկեց սկսել «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան ծեծի արդյունքում ուրբաթ օրը մահացած 35-ամյա Վահե Ավետյանի հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով։

Անդրեասյանը ցավով նշեց, որ կատարված քրեական հանցագործությունների դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը միջամտելու իրավասություն չունի, անգամ չի կարող գնահատականներ հնչեցնել նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ, բայց իբրեւ քաղաքացի՝ դատապարտեց տեղի ունեցածը։

«Նախանձում եմ այն քաղաքացիական ուժերին, քաղաքացիներին, քաղաքացիական կազմակերպություններին, որոնք կարող են արտահայտել իրենց մարդկային կարծիքները», - նշեց Անդրեասյանը՝ հավելելով․ - «Որպես Մարդու իրավունքների պաշտպան ես չեմ կարող գնահատական տալ, եւ սա ընդամենը Կարեն Անդրեասյանի վրդովմունքն է, որը միանում է ձեր բոլորի վրդովմունքին»։

Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, Հայաստանում խեղված է վախերի հավասարակշռումը․ կաշառակեր իշխանավորի, ծեծելով մեկ այլ երիտասարդի սպանած մկանավորի, հասարակության դժգոհությունն առաջացրած իշխանավորի փոխարեն վախենում է քաղաքացին, քանի որ ոստիկանը կարող է իրեն ծեծել, դատարանում հայտնվելու դեպքում իր հանդեպ կարող է անարդար վճիռ կայացվել։ Հասարակության այս վախերը, Կարեն Անդրեասյանի կարծիքով, անմիջականորեն կապված են մեկ խնդրի՝ դատաիրավական համակարգի անկատարության հետ։

«Հարսնաքարը» մի ծանր քար է վախերի այն նժարի վրա, որտեղ մենք, բոլորս միասին, վախենում ենք տարբեր հզոր մկաններ ունեցող մարդկանցից եւ այդ վախը անհաղթահարելի է, մինչեւ չլինեն դատաիրավական նորմալ բարեփոխումներ, որտեղ մենք հանգիստ սպասենք արդարության։ Եվ օրինակը այդ մեկ դեպքն է, երբ որ փոխգնդապետը վերցնում է ինչ-որ սարք պայթեցնելու համար՝ դա այդ վախերի հետեւանքն է։ Մարդը վախենում է, որ չի լինի արդարություն», - կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանը։

35-ամյա սպայի մահվանը հաջորդած բողոքի մի քանի ակցիաների մասնակիցները պահանջում էին պատասխանատվության ենթարկել նաեւ «Հարսնաքարի» սեփականատեր, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, քանի որ նրանց կարծիքով պատգամավորը եւս պատասխանատվություն է կրում իր սեփականությունը հանդիսացող ռեստորանի անվտանգության ծառայության աշխատակիցների գործողությունների համար։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, արձագանքելով այս կոչերին, ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնել։ Ասաց՝ ի պաշտոնե դա անթույլատրելի է, քանի որ Ռուբեն Հայրապետյանն էլ վաղը կարող է օմբուդսմենի կարիքը զգալ։

Բայց իրավականից բացի նաեւ հանրային պատասխանատվություն գոյություն ունի, հայտարարեց Անդրեասյանը։

«Ամերիկյան հասարակությունում, երբ իրենք իմանում են, որ ընկերությունը աշխատեցնում է մանկահասակներին, ասենք, Չինաստանում, հասարակությունը հրաժարվում է օգտվել այդ ընկերության ծառայություններից», - նշեց Մարդու իրավունքների պաշտպանը, - «Կարծում եմ իմ խոսքերի արանքում հասկանալի է դառնում այն մոտեցումը, որը ես խորհուրդ եմ տալիս եւ առաջարկում»։

XS
SM
MD
LG