Մատչելիության հղումներ

Յոթնամյա Կոլյան «20-25 տարի անց կարող է իր ձեռքը վերցնել ղեկը»


Բելառուսի նախագահը որդիների` Վիկտորի եւ Նիկոլայի հետ զորահանդեսի է մասնակցում Մինսկում, 9 մայիսի, 2011թ.
Բելառուսի նախագահը որդիների` Վիկտորի եւ Նիկոլայի հետ զորահանդեսի է մասնակցում Մինսկում, 9 մայիսի, 2011թ.

Բելառուսի նախագահը հրապարակավ ակնարկել է որդու` իշխանության գալու հնարավորության մասին։

Նախկին Խորհրդային Միության տարածքում կարծես ի հայտ է գալիս երկրորդ պետությունը, որտեղ իշխանությունը կարող է հորից անցնել որդուն, ինչպես Ադրբեջանում։

Արդեն չորս տարի է` արեւմտյան լրատվամիջոցները պարբերաբար գրում են Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկայի եւ նրա անչափահաս որդու` Նիկոլայի իշխանության գալու մասին, ով արդեն մի քանի տարի է` ուղեկցում է հորը ներհանրապետական եւ արտասահմանյան գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ։

«Ո՞վ է այն տղան` մոխրագույն կոստյումով. դա Նիկոլայ Լուկաշենկան է` Բելառուսի հաջորդ բռնապետը», - գրել է բրիտանական Independent-ը անցած շաբաթավերջին հրապարակած հոդվածում` փաստելով. - «Բելառուսի հաջորդ ղեկավարը արդեն իսկ մեծ փորձառություն ունի նախագահական հանդիպումներին, զորահանդեսներին ու կառավարական նիստերին մասնակցելու»։

Նիկոլայը տարիներ առաջ նաեւ Հայաստան էր եկել եւ հոր ծնկին նստած` ունկնդրել զրույցը պաշտոնյաների միջեւ։

Այժմ յոթ տարեկան Կոլյան կրկին արեւմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել` այն բանից հետո, երբ հայրը Վենեսուելա կատարած վերջին այցի ժամանակ հրապարակավ ակնարկել է նրա իշխանության գալու հնարավորության եւ առավելության մասին։

«Դուք շատ ճիշտ եք, երբ նկատում եք, որ տղաս ուղեկցում է ինձ իմ բոլոր այցերի ժամանակ», - դիմելով Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին` ասել է Լուկաշենկան եւ հավելել. - «Սա ցույց է տալիս, որ մենք լուրջ եւ տեւական հիմք ենք ապահովել մեր համագործակցության համար, եւ որ կա մեկը, ով 20-25 տարի անց կարող է իր ձեռքը վերցնել այս համագործակցության ղեկը»։

Թերթը գրում է, որ հոր այս ելույթը փոքրիկ Կոլյան լսել է պաշտոնյաներին հատուկ հագուկապով եւ դեմքի լուրջ արտահայտությամբ, սակայն մերժել է Վենեսուելայի նախագահին, ով նրան առաջարկել է նույնպես իր կարծիքն արտահայտել եւ ելույթ ունենալ։

«Ալեքսանդր Լուկաշենկայի արտամուսնական կապից ծնված այս տղան առաջին անգամ հասարակության մեջ երեւաց չորս տարի առաջ եւ այդուհետ հայտնվում է բոլոր կարեւոր հանդիպումներում եւ անգամ զորահանդեսներում, որտեղ Բելառուսի գեներալները նրան պատիվ են տալիս», - փաստում է բրիտանական Independent-ը։

Թերթը նաեւ նշում է, որ Եվրոպայի վերջին բռնապետի համբավն ունեցող Լուկաշենկան ցանկալի հյուր չէ զարգացած երկրներում։ Փոխարենը, նա ակտիվացնում է համագործակցությունը Միացյալ Նահանգների գերիշխանության դեմ պայքարող երկրների` Վենեսուելայի, Սիրիայի եւ Կուբայի հետ։

«Մենք պատրաստ ենք խորացնել մեր համագործակցությունը եւ նոր ծրագրեր ձեռնարկել` հակառակ մեր թշնամիներին ու հակառակորդներին», - Վենեսուելայում հայտարարել է Լուկաշենկան` ընդգծելով. - «Դա է իմ պատասխանը բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են առնում իմ քայլերի ճշմարտացիությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG