Մատչելիության հղումներ

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կիրակի օրը բողոքի ակցիա անցկացրեց՝ այն սկսելով Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ եւ երթով անցնելով մի շարք գերատեսչությունների մոտով։

Բողոքի ակցիայի մեկնարկին միջադեպ արձանագրվեց նախագահի նստավայրի առջեւ: Ոստիկանները պատ կազմած թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցներին անցնել մայթը եւ մոտենալ նստավայրին։ Ակտիվիստները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, մի քանի րոպե փակեցին Բաղրամյան փողոցի երթեւեկությունը, սկսվեց հրմշտոց։ Ի վերջո, ոստիկանությունը միջանցք բացեց՝ թույլ տալով մոտենալ Սերժ Սարգսյանի նստավայրին։

Նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիայի մասնակիցները հիշեցնում էին, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Սերժ Սարգսյանը կոչ էր անում քվեարկել Ռուբեն Հայրապետյանի օգտին, ուստի հիմա էլ պետք է երաշխավորի, որ նա պատժվելու է:

Բողոքի երթը շարունակվեց դեպի Ազգային ժողով, ապա՝ գլխավոր դատախազություն:

«Ֆեյսբուք»-ում ստեղծված նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ դիմելու են ինչպես դատախազությանը, այնպես էլ խորհրդարանական բոլոր խմբակցություններին` Ռուբեն Հայրապետյանին օր առաջ պատգամավորական մանդատից զրկելու հարցը բարձրացնելու պահանջով:

«Վահեն մեր խիղճն է», - ասում էր Սանասարյանը:

«Մեր երկրում տեղի ունեցած անարդարությունների երաշխավորը նաեւ այս կառույցն է», - հայտարարեց նա՝ մատնացույց անելով դատախազության շենքը։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իր ելույթում ընդգծեց, որ թեեւ ինքն էլ, Հայրապետյանն էլ պատգամավորներ են, բայց նրան չի համարում իր գործընկերը, որովհետեւ, ինչպես Զուրաբյանը ձեւակերպեց, Ռուբեն Հայրապետյանը ընտրակեղծիքներով է խորհրդարան «սողոսկել»։

«Չի կարող գործընկեր համարվել մի մարդ, որը այս իշխանությունների գործիքն է բռնությունների եւ ընտրակեղծիքների կազմակերպման համար։ Ինչ է, Սերժ Սարգսյանը չի՞ հասկանում, որ ինքը կորցնում է, ասենք, իր պրեստիժը հենց նույն բանակի, հրամանատարության շարքերում։ Շատ լավ հասկանում է։ Բա ինչի՞ չի կարողանում պատժել Ռուբեն Հայրապետյանին. պարզ պատճառով՝ որովհետեւ իշխանությունը պահպանել է հենց նրա շնորհիվ», - հայտարարեց Զուրաբյանը՝ շարունակելով. - «Այսօր Հայաստանում մենք ունենք իշխանություն, որը հաշվետու է ոչ թե ժողովրդի առաջ, այլ՝ Ռուբեն Հայրապետյանի, նմանատիպ բոլոր օլիգարխների առաջ»։

Բողոքի երթին մասնակցում էին նաեւ մտավորականներ։

Գրող Վահրամ Մարիտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդում էր, որ իշխանությունները կամավոր չեն պատժելու մեղավորներին, եթե չլինի հասարակական մեծ ճնշում։ «Այն, ինչ երեկ կատարվեց «Հարսնաքար»-ում՝ այդ վանկարկումները՝ մարդասպանի անունը ճշտելով, հույս ունեմ, որ իշխանությանը ի վերջո կհասցնեն այն ուղերձը, որ այդտեղ կար, այն «ջերմ սերը», որ ժողովուրդը տածում է իրենց հանդեպ։ Յուրաքանչյուրը պետք է պատկերացնի, որ իր հետ կարող էր դա պատահել, եւ ոչ միայն պատկերացնի, այլեւ կարո՛ղ է իր հետ պատահել», - ասաց Մարտիրոսյանը։

Երգիչ Արթուր Իսպիրյանն էլ շեշտում էր, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, քանի որ ամբողջ երկրում են տեղի ունենում այսպիսի հանցագործություններ, մինչդեռ համբերության բաժակը լցվել է։ «Սրանից ավելի վատ արարք՝ հայը հայի նկատմամբ, ես չեմ տեսել, ես չէի պատկերացնում, էս աստիճանի լկտիություն ու գազանություն ես չէի տեսել։ Եթե ուզում են թիկնազոր ունենալ, եթե վախենում են, պետք է թիկնազորը լինի կազմված սովորական ոստիկանության աշխատողներից, ոչ թե ցլիկների տեսքով, որոնք գազանաբար հարձակվեն ժողովրդի վրա», - ասաց երգիչը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուքասզյանի խոսքով էլ, պետության անկյունաքարային մարմնի` բանակի ներկայացուցչին սպանելը միայն մեկ բան է վկայում. - «Այս քրեական համակարգը իր վերջին է հասել, այսինքն՝ էն մարմինը, որից անվտանգություն է գալիս, անգամ էդ մարմինը պաշտպանված չի եւ այդ մարմնի անդամները պաշտպանված չեն էս համակարգից։ Ռուբեն Հայրապետյանը ինքը իր մասնակցությունը փաստել է իր նախկին ելույթներով, որտեղ ինքը խոստովանում է, որ ինքը ծեծում է, պատժում է, ինքը դատավոր է։ Էդ բոլորը ակնհայտ փաստեր են, որի կողքով անցնել հնարավոր չի։ Ինքը ուղիղ պատասխանատվություն է կրում էն բուծած ոչ մարդակերպ արարածների համար, որոնք հայ բանակի սպային զրկեցին կյանքից»։

Այսօրվա ակցիայի պահանջների մեջ պարբերաբար հնչում էր նաեւ Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացնելու պահանջը:

Երթը ավարտվեց կառավարության շենքի առջեւ։

Նախաձեռնության անդամները մտադիր էին երեկոյան մասնակցել Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը:

Հայտնի գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական երեք բժիշկներ։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ էր ստացել 35-ամյա Վահե Ավետյանը, որը միջադեպից 12 օր հետո մահացավ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG