Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ կիրակի վաղ առավոտյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել զինվորական փոխգնդապետ Վարդան Սամվելյանի մասնակցությամբ։

Լրատվական կայքերը այսօր տեղեկություններ են տարածել, որ փոխգնդապետը մուտք է գործել «Հարսնաքար»՝ սպառնալով պայթեցնել ռեստորանային համալիրը։

Տեղի ունեցածի կապակցությամբ այսօր հաղորդագրություն է տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը, որում, մասնավորապես, նշում է, որ «Հարսնաքար»-ում հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։ «Հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ։ Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: Տեղում զինվորական պայուսակում հայտնաբերվել է երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ: Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում: Ժամը 07.25-ի սահմաններում պայուսակը տեղախոխվել է անվտանգ տարածք», - ասված է նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել են պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, որը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, կատարվածի կապակցությամբ ավելի ուշ հաղորդագրություն կտարածի։

Կիրակի երեկոյան Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, տեղափոխելը։ Նա արդեն հարցաքննվել է եւ տեղափոխվել Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Վարդան Սամվելյանը պաշտպանության նախարարության Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալն է։

Շաբաթ օրը «Հարսնաքար»-ի մոտ բողոք-մոմավառություն էր տեղի ունեցել՝ ի հիշատակ հունիսի 17-ին ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված եւ դրա հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից ուրբաթ օրը մահացած 35-ամյա զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի։

Հունիսի 30-ին պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուժծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մերձավորներին: Պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն եւ համբերատարություն: Վստահեցնում ենք, որ պաշտպանության նախարարությունը հետեւում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG