Մատչելիության հղումներ

«Հարսնաքար» ռեստորանի բակում այսօր մոմավառություն տեղի ունեցավ ի հիշատակ երեկ մահացած 35-ամյա զինվորական բժիշկ Վահե Ավետյանի։

Նա 13 օր առաջ այդ նույն վայրում դաժան ծեծի էր ենթարկվել, ինչի արդյունքում գլխուղեղի շրջանում մահացու վնասվածքներ էր ստացել։

Տասնյակ քաղաքացիներ այսօր մոմերը ձեռքերին հավաքվել էին «Հարսնաքարի» առջեւ ու վանկարկում էին՝ «Ամո՛թ, մարդասպաններ»։ Մի քանի րոպեում «Հարսնաքարի» պատերը ծածկվեցին «Սպանդանոց», «Հանցաքար», «Ապամոնտաժել» եւ այդօրինակ գրություններով։

Մոմավառությունից հետո ակցիայի մասնակիցները հավաքվեցին ռեստորանի դռների առջեւ, որտեղ, ըստ հավաստի լուրերի, այդ պահին խնջույք էր։ Ցուցարարները շարունակում էին վանկարկել «Ամո՛թ, մարդասպաններ»։ Որոշ ժամանակ անց ռեստորանի լույսերը մարվեցին։

«Հարսնաքարի» շուրջը շարք էին կանգնել ոստիկանները՝ պահպանելով ռեստորանը։ Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ սկսվեց։ Ի վերջո, ակցիայի մասնակիցները հեռացան ռեստորանից՝ որոշելով վաղը ժամը 1-ին հավաքվել Հայաստանի նախագահի նստավայրի մոտ։

Այսօրվա ակցիային մասնակցում էին ընդդիմադիր քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչներ «Ժառանգությունից», Հայ ազգային կոնգրեսից, Հայ հեղափոխական դաշնակցությունից։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG