Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը ռեստորանի մոտ մոմավառություն է կազմակերպում:

«Ես այսօրվանից արդեն ասելու եմ «Հանցաքար»: Ինձ համար սիմվոլիկ է մոմավառությունը հենց այդ վայրում անցկացնելը, քանի որ Վահեն մահացել է հենց այդ վայրում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը` շարունակելով. - «Վահեն իր մահով մարտահրավեր նետեց ողջ մեր քաղաքացիներին` շարունակո՞ւմ ենք մնալ ստրուկ, թե՞ սա առիթ է, որ բոլորս մեկ մարդու նման ոտքի կանգնենք ու ասենք` այլեւս նման բան չի լինելու… Մի անգամ պետք է ապացուցենք, որ մենք ունենք ինքնասիրություն: Մի անգամ պետք է ապացուցենք, որ նման ոճրագործները տեղ չունեն մեր երկրում»:

Սանասարյանը այս ողբերգական միջադեպը կապում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ` պնդելով, որ վերջինս պետք է հարցաքննվի հարուցված քրեական գործի շրջանակներում. - «Շատ կոնկրետ կապ եմ տեսնում, քանի որ դա «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցները չեն եղել, այլ եղել են հենց Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները… Նորմալ երկրում Ռուբեն Հայրապետյանը պետք է ամեն օր հարցաքննվեր»:

«Ես կարծում եմ, որ ամոթ է նման պատգամավոր ունենալ Ազգային ժողովում», - ասաց Սանասարյանը` հավելելով, որ Հայրապետյանի «նվազագույն պատիժը պետք է լինի մանդատից զրկելը»:

Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ այսօր ցավակցություն է հայտնել Առողջապահության նախարարությունը:

Քաղաքական ուժերից առայժմ ցավակցություն է հայտնել միայն Հայ ազգային կոնգրեսը` խստորեն դատապարտելով կատարվածը:

«Հարսնաքար» ռեստորանում, հիշեցնենք, հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը։

Ոստիկանությունը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել է «Հարսնաքար»-ի 6 աշխատակիցների, որոնց մի մասը ռեստորանի անվտանգության աշխատակիցներ են:

XS
SM
MD
LG