Մատչելիության հղումներ

Մանուկյանը ուրախ է, որ ԲՀԿ-ն «ինքնուրույն գործողություններ է անում»


Արամ Մանուկյանը Ֆեյսբուք ասուլիսի ընթացքում, 29 հունիսի, 2012
Արամ Մանուկյանը Ֆեյսբուք ասուլիսի ընթացքում, 29 հունիսի, 2012
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար, Հայոց համազգային շարժում կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը, ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուք ասուլիսի ընթացքում պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձավ ՀԱԿ-ին հասցեագրված մեղադրանքներին եւ գովասանքներին:

Օգտատերերից մեկի հարցին, թե չի կարծո՞ւմ, որ Հանրապետականի հետ երկխոսելու արդյունքում ՀԱԿ-ը կորցրեց ժողովրդի վստահությունը եւ արդյունքում խորհրդարանական ընտրություններում ստացավ ընդամենը յոթ տոկոս, Մանուկյանը պատասխանեց. - «Ես այն կարծիքին եմ, երբեմն իմ ընկերները համաձայն չեն ինձ հետ, որ այս երկխոսության արդյունքում մենք կորցրեցինք ձայներ, բայց մենք մեզ պահեցինք ավելի խոհեմ, ավելի պետականամետ, ավելի պետության պրոբլեմներով մտահոգ, քան իշխանությունը: Յոթ տոկոսի մասին. ինչի՞ մասին է խոսքը, ամբողջ աշխարհը գիտի, որ 600-700 հազար ձայներ կեղծված են: Բայց ոչինչ, մենք այդ 7 տոկոսով կանենք 70 տոկոսի գործ»:

Մի քանի օգտատերեր անդրադարձել էին այն հարցին, թե ինչո՞ւ է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի մասին բավականին կոշտ արտահայտվում, եւ թե ինչո՞ւ էր վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստանձնել «ԲՀԿ-ի փաստաբանի դերը»: Արամ Մանուկյանն ասաց, որ հնչած գնահատականը սխալ է:

«Կա մի ուժ, որը ուզում է իշխանափոխություն եւ իր թիրախը ընտրել է Սերժ Սարգսյանին: Այս խնդրի լուծման ժամանակ ով այդպես մտածի, մեզ համար հաջողություն է: Եվ քվեարկությունների ժամանակ որեւէ պատգամավոր, որեւէ խմբակցությունից, թող դա լինի Հանրապետական կուսակցությունից, եթե դեմ է քվեարկում Սերժ Սարգսյանին, մենք նրա հետ կարող ենք համագործակցել: Եվ եթե ԲՀԿ-ն այսօր քվեարկում է այդպես, ես ուրախ եմ, որ նման ինքնուրույն գործողություններ է անում: Ինքն է որոշում իր ճակատագիրը, ես չեմ կարող ազդել նրանց վրա, նրանք չեն կարող ազդել իմ վրա», - ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, թե Օսկանյանին քննադատելը Նիկոլ Փաշինյանի իրավունքն է:

Որքանո՞վ են համապատասխանում իրականությանը այն լուրերը, թե առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հանդես կգան միասնական թեկնածուով, մասնավորապես, Վարդան Օսկանյանի թեկնածությամբ, հարցին Մանուկյանը այսպես պատասխանեց. - «Չկա այսպիսի բան: Մենք ունենք առաջնորդ, ընդդիմադիր դաշտում առաջին համարով է խաղում, ֆուտբոլային տերմինով ասած, ունենք լիդեր, որին իսկապես համարում ենք ամենարժանավորը»:

Օգտատերերից մի քանիսն էլ հետաքրքրվել էին, թե արդյո՞ք ՀԱԿ-ի ներսում կան հակամարտություններ ու անհամաձայնություններ:

«Կարող է քչանան, կարող է շատանան, կարող է մի պահ պատեհապաշտներ էին, կարող է մի մասը Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա հաշվարկ էին արել, որ ինքը դառնում է նախագահ, իրենք առաջ են գնում, հետո հետ կանգնեցին, բայց մի անհանգստացե’ք, Հայ ազգային կոնգրեսի երկարակեցության իմաստը նա է, որ հիմքը կա այդ դաշտի վրա պայքարելու, այսինքն այսօրվա այլանդակությունները այնքան ակնհայտ են, որ ՀԱԿ-ը չլինի, ուրիշ որեւէ կառույց կլինի, ուրիշ որեւէ ընդդիմադիր զանգված կլինի, որը պետք է այս խնդիրը լուծի», - պատասխանեց Մանուկյանը:

please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG