Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգված է հեռուստաեթերի որակով: Հանրային խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, երկրի նախագահն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջերս քննարկել են հանրապետության նախագահին ուղղված նամակը, որով մի շարք մտավորականներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն էին հայտնել հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին եւ հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Մուսայելյանն ասում է, որ նախագահը մինչեւ սեպտեմբեր բարփոխումների փաթեթ է ակնկալում, որում ներառված կլինեն ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրերը:

«Քննարկումների արդյունքներում ունենալու ենք մի փաթեթ. ես հիմա պատրաստի դեղատոմսեր չունեմ, ունեմ որոշակի գաղափարներ, առաջարկություններ, որ ես կանեմ այդ հանդիպումների ժամանակ: Շատ կարեւոր է, որ երկրի նախագահը սպասում է այդ առաջարկներին», - ասաց Մուսայելյանը:

Հեռուստաընկերությունների աշխատակիցները, հասարակությունը եւ հենց Հանրային խորհրդի ներկայացուցիչները ընդունում են, որ թեեւ այս գործընթացը երեք տարի առաջ է սկսվել, բայց դեռ շոշափելի արդյունքներ չկան:

«Փոխանակ հեռուստատեսությունը իր հիմնական առաքելությունը դիտարկի պատանիների դաստիարակության, կրթելու ոլորտում, հակառակ պրոցեսն է գնում», - ասում է Մուսայելյանը:

Հանրային հեռուստաընկերությունից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս են վերաբերում նախագահի այս դիրքորոշմանը, եւ արդյո՞ք այս դեպքում գլխավոր թիրախը հենց Հանրային հեռուստաընկերություն չէ: Հանրային հեռուստաընկերության քաղաքական վերլուծաբան Գեւորգ Ալթունյանն ասաց, որ խնդիրը դեռ վաղուցվանից գալիս, եւ թերեւս ժամանակ էր պետք, որ հանրության ամենալայն շերտերում այդ միասնական գիտակցությունը ձեւավորվեր: Ըստ նրա` նախեւառաջ պետք է ստեղծվեն որոշակի ուղենիշեր:

«Եվ եթե այդ ուղենիշերի համաձայն հեռուստաընկերությունները կառուցեն իրենց եթերային քաղաքականությունը, այդ թվում` նաեւ սերիալները, ինձ թվում է, ամեն իր տեղը կընկնի», - ասաց Ալթունյանը` հավելելով, թե եթերի որակի վերաբերյալ ամենաքիչ մտահոգություն հենց Հանրայինը ունի. - «Բայց դրանից իրերի դասավորությունը չի փոխվում, քանի որ խոսքը պետք է վերաբերի բոլոր հեռուստաընկերություններին»:

Փորձեցինք զրուցել հատկապես այն մասնավոր հեռուտաընկերությունների հետ, ովքեր ամենաշատ են սերիալներ հեռարձակում: «Արմենիա» հեռուստաընկերությունը ի սկզբանե չհրաժարվեց հարցազրույց տալ, սակայն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգին: «Շանթ» հեռուստաընկերության հանրային կապերի մենեջեր Լիանա Մարտիրոսյանն էլ ասաց, որ իրենց հեռուստաընկերությունն անհանգստանալու խնդիր չունի. կլինեն ուղենիշները, հետո կմտածեն եթերային քաղաքականությունը փոխելու մասին, իսկ հիմա չեն կարծում, որ իրենց եթերում ինչ-որ քրեածին բովանդակություն կա:

Ալթունյանը, անդրադառնալով այն հարցին, թե հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրի տակ արդյո՞ք գրաքննության վտանգ չի թաքնված, ասաց. - «Եթե սերիալում կնոջ նկատմամբ բռնություն չի գործադրվում կամ այդ ուղենիշների պարագայում արգելվում է, որպեսզի կնոջ նկատմամբ բռնություն գործադրվի, ապա դա գրաքննություն չէ, դա տարրական էթիկայի կանոն է»:

«Շանթ»-ի հանրային կապերի մենեջեր Լիանա Մնացականյանն էլ ասում է, որ եթե արդյունքում ստացվի գրաքննություն, ապա այդպես էլ կկոչեն դա, իսկ եթե քաղաքակիրթ երկրների օրինակով լինի, ամենեւին էլ գրաքննություն չի կոչվի:

«Կոնկրետ «Շանթ» հեռուստաընկերությունը, օրինակ, հասել է նրան, որ Ռուսաստանի նման հզորը երկիրը մեզանից գնել է հեռուստաարտադրանք, իսկ դա խոսում է բարձր որակի եւ միջազգային չափանիշների առկայության մասին», - ասաց Մնացականյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG