Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (ՀԱՕԿ) Գագիկ Ծառուկյանը 700 հազար դոլար է խոստացել յուրաքանչյուր այն մարզիկին, ով օլիմպիական ոսկի կնվաճի Լոնդոնում:

Պետական պարգեւավճար է սահմանել նաեւ Հայաստանի կառավարությունը` 20-ական միլիոն դրամ` ոսկե, 15-ական միլիոն դրամ` արծաթե, եւ 10-ական միլիոն դրամ` բրոնզե մեդալակիրների համար:

ՀԱՕԿ-ի փոխնախագահ, լոնդոնյան խաղերում Հայաստանի պատվիրակության հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը միանգամայն իրատեսական է համարում, որ Հայաստանն այս խաղերում նոր օլիմպիական չեմպիոն կունենա:

Անուններ տալ, սակայն, Գաբրիելյանը խուսափեց. - «Հիմա եթե ես ազգանուն տամ, ինչ-որ տեղ ինչ-որ մարզիկի կարող եմ հոգեբանական սթրեսի մեջ գցել: Այսօր ես այդ իրավունքը չունեմ»:

Նախորդ` Պեկինի օլիմպիադայում հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ, եւ այս անգամ ՀԱՕԿ-ը գերխնդիր է դրել փոխել մեդալների գույնը:

Հայաստանի հավաքականի կազմը չի ընդլայնվել. այս օլիմպիադային էլ կմեկնեն 25 մարզիկներ` բայց նախորդ 8-ի փոխարեն հանդես կգան 10 մարզաձեւերում:

Հիմնական հույսերը կապված են Հայաստանի համար արդեն ավանդական դարձած մարզաձեւերում` ծանրամարտ եւ ըմբշամարտ:

«Պետք է ուղղակի կամք ունենան մեր տղաները, ոչ մի պահ չմոռանան հայրենասիրության մասին, ոչ մի պահ չընկճվեն` ոչ ոք իրենցից ուժեղ չէ, մտնեն պայքարի մեջ, եթե պարտվում են` տղամարդու պես պարտվեց», - ասաց Գաբրիելյանը` հավելելով. - «Որովհետեւ գալու ենք հետ, եւ պետք է պատասխան տանք այն մարդկանց, ովքեր հույսեր են կապում մեզ հետ: Ժողովուրդը մեզ հետ հույսեր է կապում»:

Օլիմպիական թիմի ամենատարեց մարզիկը 42-ամյա հրաձիգ Նորայր Բախտամյանն է, իսկ ամենաերիտասարդը` 18-ամյա լողորդ Անահիտ Բարսեղյանը: Թիմի կազմում կան երկու նախկին օլիմպիական չեմպիոնների` Յուրի Վարդանյանի եւ Լեւոն Ջուլֆալակյանի զավակները:

Անկախացումից ի վեր Հայաստանը ունեցել է միայն մեկ օլիմպիական չեմպիոն` հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Նրա անվանակիցը` ձյուդոիստ Արմեն Նազարյանի համար Լոնդոնի օլիլպիադան երրորդն է:

«Երկու օլիմպիական խաղեր ինձ համար անհաջող են եղել: Չեմ ուզում, որ այս մեկն էլ այդպիսին լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նազարյանը: - «Վերջին օլիմպիական խաղերս են լինելու, եւ մաքսիմալ ինչ ունեմ, պետք է ներդնեմ, որ կարողանամ մեդալ վերցնել»:

Բռնցքամարտում Հայաստանն այս տարի ընդամենը մեկ մարզիկ ունի: Հայ բռնցքամարտիկները, հիշեցնենք, չկարողացան վարկանիշային միավորներ նվաճել Բաքվում անցկացված առաջնությունում:

Դերենիկ Գաբրիելյանն այս առնչությամբ ասաց. - «Ինքս լինելով այնտեղ, ուզում եմ ասել, որ բավականին դժվար է այդ երկորւմ մեզ համար: Շատ դժվար էր: Եվ այն տղաները, ովքեր երիտասարդ են, միգուցե իրենց ներվային համակարգը, հոգեբանական այդ վիճակը չներեց, որ իրենք ձեռք բերեն վարկանիշ»:

Հայաստանը, ի դեպ, պաշտոնապես խնդրել է կազմակերպիչներին, որ Օլիմպիական գյուղում Հայաստանի թիմին տեղավորեն Ադրբեջանի թիմի կեցավայրից հեռու:

Նախապատրաստական աշխատանքներին հատկացվել է 180 միլիոն դրամ: Բացման արարողությանը Հայաստանի պետական դրոշը կկրի հայ աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG