Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ադրբեջանին զենք չի վաճառի


Ադրբեջանական ռազմական ուղղաթիռների համար նախատեսված ամերիկյան սարքավորումների շուրջ նախապես ծրագրված գործարքը չի կայանա, հաղորդում է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը:

Դա պարզ է դարձել հունիսի 27-ի երեկոյան, երբ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն արձագանքել է Կոնգրեսից հնչող մտահոգություններին, թե պաշտոնական Բաքվին մատակարարվելիք հետեւող սարքերը, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, հետագայում պետք է տեղադրվեին ռուսական արտադրության Ми-35М մակնիշի ռազմական ուղղաթիռների վրա, կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:

Առաջինը նման մտահոգություն էր հայտնել ամերիկյան Կոնգրեսի ամենահարգված անդամներից մեկը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ Հովարդ Բերմանը: Այժմ հայամետ կոնգրեսականն արգելափակել է սպասվող գործարքը, ինչի արդյունքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստորեն ստիպված է եղել դուրս բերել Ադրբեջանը այն պետությունների ցանկից, որոնք իրավունք ունեն Վաշինգտոնից զենք եւ զինամթերք ձեռք բերել:

Հայ դատի գրասենյակը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Բերմանին իր ձեռնարկած քայլերի համար:

«Պետքարտուղար Քլինթոնի կողմից կայացված այս որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից եւ նպաստում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը», - հայտարարել է Հովարդ Բերմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG