Մատչելիության հղումներ

logo-print

Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, եթե «աշնանը նպաստավոր պայմաններ լինեն»


ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքի ժամանակ, 26 հունիսի, 2012

ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքի ժամանակ, 26 հունիսի, 2012

Եթե աշնանը լինեն նպաստավոր պայմաններ, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը 2013-ի նախագահական ընտրություններում կլինի Հայ ազգային կոնգրեսի առաջնային թեկնածուն, եւ չի բացառվում, որ ՀԱԿ-ից բացի Տեր-Պետրոսյանին սատարեն նաեւ այլ քաղաքական ուժեր: Այս մասին ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի:

«Շատ բնական է, որ եթե աշնանը դրա համար լինեն նպաստավոր պայմաններ, ինքը ամենառաջնային թեկնածուն է Հայ ազգային կոնգրեսի առաջադրման համար, չեմ բացառում նաեւ, որ այլ ուժեր նույնպես սատարեն իրեն», - ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանն ասաց` Տեր-Պետրոսյանի առաջադրման համար նպաստավոր պայմանները ներքին եւ արտաքին քաղաքական գործոններ են:

«Դա ստեղծված քաղաքական իրավիճակն է, դասավորությունն է պառլամենտում, փողոցում, քաղաքական համաձայնություններ են, միջազգային իրավիճակը, Հայաստանի տնտեսական վիճակը, սոցիալական դժգոհության չափը: Այնքան գործոններ կան, որ պետք է վերլուծվեն: Տեր-Պետրոսյանը 2007 թվականին առաջադրվելու նպատակով մի ամբողջ հետազոտություն է արել, վերլուծել է բոլոր այս գործոնները, այցելել է Հայաստանի բոլոր շրջանները, մանրամասն հետազոտել է ստեղծված իրավիճակը եւ նոր որոշում է ընդունել: Հենց դա է պատճառը, որ մենք այսօր որեւէ հայտարարություն չենք անում այդ կապակցությամբ», - ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե հնարավո՞ր համարում է, որ փետրվարին կայանալիք ընտրություններում Տեր-Պետրոսյանին սատարի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ում հետ ՀԱԿ-ը համագործակցեց խորհրդարանական ընտրություններից առաջ, Զուրաբյանը պատասխանեց. - «Ես հնարավոր եմ համարում, որ բոլոր ուժերը, որոնք ընդդիմանում են Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ, կարող են համախմբվել միասնական թեկնածուի շուրջ, եւ շատ հավանական եմ համարում, որ այդ միասնական թեկնածուն կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Թեեւ Զուրաբյանը բազմիցս ընդգծեց, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի առաջադրման հետ կապված ՀԱԿ-ը դեռեւս որոշում չի կայացրել, բայց ընդգծեց, որ 2013-ին նախագահական ընտրություններում «այս ռեժիմին հաղթելու համար պետք է կենտրոնանալ այնպիսի թեկնածության վրա, որն ունի ընդդիմադիր ուժերին համախմբելու ամենամեծ պոտենցիալը»: Այդ թեկնածուն, ըստ Զուրաբյանի, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

«Ես այլ հավասար ֆիգուր չեմ տեսնում, որը կարող է կոնսոլիդացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը: Բայց դա չի նշանակում, որ մենք այսօր պետք է որոշումներ ընդունենք, դա անլուրջ կլինի: Այն ուժերը, որ այսօր որոշում են ընդունել, անլուրջ են: Առավել եւս, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ է լինելու աշնանը, հիմա նման հայտարարություններ են անում, իրենք ցույց են տալիս իրենց անլրջությունը», - ասաց նա:

Մի քանի տարի առաջ հանրահավաքներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, թե կառաջադրի իր թեկնածությունը միայն այն դեպքում, երբ առաջադրվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ում արդեն մոռացել են այդ հայտարարությունը: Զուրաբյանը հակադարձեց, որ այդ հայտարարությունը արվել է քաղաքական կոնկրետ իրավիճակում, որն այլեւս գոյություն չունի:

«Որեւէ պայմանավորում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումով կամ չառաջադրումով արդեն չի կարող լինել, առավել եւս, որ Քոչարյանը որեւէ շանս չունի ընդհանրապես առաջադրելու: Նրա ձեռքերը արյան մեջ են, նա կառուցել է այն կոռումպացված համակարգը, այն արատավոր քաղաքական եւ տնտեսական սիստեմը, որ այսօր խեղդում է Հայաստանին: Քոչարյանը մի շանս ունի լինելու նախագահ. եթե նա Սերժ Սարգսյանի նման կեղծի ընտրությունները: Բայց այսօր այդ կեղծարար համակարգը գտնվում է ոչ թե Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի ձեռքում, եւ Սարգսյանը այդ կեղծարար համակարգը Քոչարյանին չի նվիրելու», - ամփոփեց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG