Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Բաքվին զենք չի վաճառի


Ռուսական արտադրության Ми-35 ռազմական ուղղաթիռը

Ռուսական արտադրության Ми-35 ռազմական ուղղաթիռը

Ադրբեջանական ռազմական ուղղաթիռների համար նախատեսված ամերիկյան սարքավորումների շուրջ նախապես ծրագրված գործարքը չի կայանա, հաղորդում է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը:

Դա պարզ դարձավ հունիսի 27-ի երեկոյան, երբ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն արձագանքեց Կոնգրեսից հնչող մտահոգություններին, թե պաշտոնական Բաքվին մատակարարվելիք հետեւող սարքերը, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, հետագայում պետք է տեղադրվեին ռուսական արտադրության Ми-35М մակնիշի ռազմական ուղղաթիռների վրա, կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:

Առաջինը նման մտահոգություն էր հայտնել ամերիկյան Կոնգրեսի ամենահարգված անդամներից մեկը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ Հովարդ Բերմանը: Այժմ, ահա, հայամետ կոնգրեսականն արգելափակել է սպասվող գործարքը, ինչի արդյունքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստորեն ստիպված է եղել դուրս բերել Ադրբեջանը այն պետությունների ցանկից, որոնք իրավունք ունեն Վաշինգտոնից զենք եւ զինամթերք ձեռք բերել:
Հովարդ Բերման

Հովարդ Բերման


«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Բերմանին իր ձեռնարկած անհապաղ քայլերի համար, որոնց շնորհիվ հնարավոր եղավ արգելափակել նախատեսվող զենքի վաճառքը», - նշել է Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանը` հավելելով. - «Զենքի եւ ռազմական սարքավորումների վաճառքը միայն ոգեշնչում է Ադրբեջանի ռազմատենչ կառավարությանը, որի զինված հարձակումներն ու սպառնալիքները հարվածի տակ են դնում ոչ միայն Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը, այլեւ խաղաղությունը ողջ տարածաշրջանում»:

Ինքը Հովարդ Բերմանը տեղի ունեցածին անդրադարձավ անմիջապես այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտից ստացավ համապատասխան պաշտոնական գրությունը:

«Պետքարտուղար Քլինթոնի կողմից կայացված այս որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից եւ նպաստում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը», - նշել է Բերմանը:

Ավելի վաղ, երբ հայտնվեցին այս գործաքի մասին առաջին տեղեկությունները, ադրբեջանական կողմը պնդում էր, թե ամերիկյան սարքավորումները օգտագործվելու էին բացառապես Իրանի հնարավոր հարձակմանը հակազդելու համար, սակայն Վաշինգտոնում նկատում են, որ ռուսական ուղղաթիռները, որոնց վրա պետք է տեղադրվեին ամերիկյան սարքավորումները, հիմնականում հարձակողական բնույթի մարտական առաջադրանքների իրականացման համար են նախատեսված:

Ադրբեջանին ամերիկյան զինամթերքի հասցեատերերի ցանկից դուրս բերելուն նախորդեց Պետդեպարտամենտի վրա կիրառված բավական հուժկու ճնշումը, որի ետեւում ինչպես ամերիկահայ կազմակերպություններն էին, այնպես էլ` հայամետ կոնգրեսականների մի զգալի մասը:

Նույն Հովարդ Բերմանը մայիսի 29-ին նամակով դիմել էր Հիլարի Քլինթոնին` բողոքելով գործարքի դեմ եւ նշելով, թե այս վաճառքը «տարածաշրջանի պետությունների շրջանում կարող է կասկածներ առաջացնել Միացյալ Նահանգների անաչառության վերաբերյալ»:

Բաքվում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածության քննարկման ժամանակ թեմային անդրադարձել էր նաեւ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսը` հարցնելով դեսպանի թեկնածու Ռիչարդ Մորնինգսթարին. - «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք հայտարարություններով է հանդես եկել` մասնավորաբար նշելով. - «Մեր թիվ մեկ թշնամին համաշխարհային հայությունն է», «Հայերը պետք է վախի մեջ ապրեն»: Արդյո՞ք նման հայտարարությունների համատեքստում ամերիկյան սարքավորումների վաճառքը, որոնք օգտագործվելու են Ադրբեջանի ռազմական օդուժի կողմից, համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG