Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵԺԿ-ի գագաթնաժողովում, հանդիպել Վիլֆրիդ Մարտենսի հետ


Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով` անդրադառնալով Եվրամիության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով ընթացող բանակցություններին, Հայաստանում բարեփոխումների օրակարգին:

Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին եւ, նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, իր մտահոգությունները ներկայացրել շփման գծում ու հայ - ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրված ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների կապակցությամբ: Նախագահը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը այս հարցում` վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի սահմաններում լուծելու Հայաստանի պատրաստակամությունը, ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ-ի ղեկավարությանը եւ բոլոր անդամ կուսակցություններին` Հանրապետականին եւ հայաստանյան երկու այլ` «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցություններին ԵԺԿ-ի մեծ ընտանիքի մաս դառնալու հարցում ցուցաբերած աջակցության համար:

Նույն օրը Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ-ի հետ ՀՀԿ-ի համագործակցության ընդլայնմանը, Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Կարեւորվել է միջխորհրդարանական մարմիններում ՀՀԿ-ի պատգամավորների անդամակցությունը ԵԺԿ-ի խմբակցություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG