Մատչելիության հղումներ

Հայաստանում «դիպլոմավոր գործազուրկների» խնդիր կա


Հայաստան -- Արտադրական ձեռնարկություն Երեւանում, արխիվ

Հայաստան -- Արտադրական ձեռնարկություն Երեւանում, արխիվ

Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի միջեւ մեծ անհամաչափություն է առաջացել։

«Այսքան նոր ֆիրմային մեքենաներ կան՝ նման մեքենաների վերանորոգող մասնագետներ չեն պատրաստվում։ Կամ, ենթադրենք, շինարարության ոլորտի մասնագետներ պետք է պատրաստել ժամանակակից շինարարության պահանջներին համապատասխան», - ասում է Զբաղվածության պետական գործակալության պետ Սոնա Հարությունյանը՝ դժգոհելով, թե ուսումնական հաստատությունները չեն արձագանքում շուկայի պահանջարկին:

Զբաղվածության կենտրոնի իրականացրած հարցումների ժամանակ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների կեսից ավելին չի կարողացել պատասխանել հարցին, թե ինչու է ընտրել այդ մասնագիտությունը: Իրենց մասնագիտությամբ աշխատանքի է տեղավորվել շրջանավարտների տասը տոկոսը միայն: Գործակալությունը հիմա ստիպված վճարում է գործատուի մոտ պրակտիկա անցնելու համար։

«Այսօր դժվար թե գտնենք մի միջին մասնագիտական հաստատություն, որը կարողանա պատրաստել «եվրո» դռների կամ պատուհանների մասնագետ», - ասում է Զբաղվածության պետական գործակալության փոխտնօրեն Գարիկ Սահակյանը՝ նկատելով, որ այս շուկան կայացած է եւ նման մասնագետների պահանջարկ կա։

Նրա խոսքով, ամեն տարի իրենք բուհերին տալիս են այն մասնագիտությունների ցուցակը, որոնց պահանջարկը կա, բայց անարդյունք։

Գործակալության միջոցով այսօր 70 հազար մարդ աշխատանք է փնտրում, մինչդեռ թափուր աշխատատեղերի թիվը ընդամենը 1500-ն է։

Գործազուրկների 25 տոկոսը երիտասարդներ են: Արդյունաբերողների եւ գործատուների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նրանց «դիպլոմավոր գործազուրկներ» է անվանում:

«Մեր տնտեսության ռեալ սեկտորը մեծ կարիք ունի որակյալ կադրերի՝ լինի դա բարձրագույն կրթությամբ, միջին մասնագիտական, թե բանվորական», - ասում է Կիրակոսյանը, - «Մինչդեռ, այսօր մեր ուսումնական հաստատությունները պատրաստում են կադրեր՝ բացարձակապես հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը»։

Նոր ծրագրով կառավարությունը 100 հազար աշխատատեղ է խոստանում։ Էդուարդ Կիրակոսյանի համար պարզ չէ, թե որտեղ եւ ինչ մասնագիտությամբ։

Արդյունաբերողների եւ գործատուների միությունը արձանագրում է` կադրային սով է հատկապես խառատ, փականագործ, շինարար մասնագիտությունների դեպքում․ գործի գիտակները ծերացել են, հետ են մնացել ժամանակակից իրողություններից, պահանջներից։

XS
SM
MD
LG