Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի հարցով դոնորների համաժողովը, ինչպես նախօրոք ասվել էր, մայիսյան ընտրություններից հետո չանցկացնելով, Եվրամիությունը ոչ թե ակնարկ է արել, թե խորհրդարանական ընտրություններում թերություններ է տեսել, այլ այս քայլին է գնացել ֆինանսական սուղ միջոցների պատճառով, կարծում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը:

Զաքարյանը, հղում կատարելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի երկու օր առաջ հրապարակած զեկույցին, ասում է՝ Եվրամիության բարձրագույն ինստիտուտները հաճախ են արտահայտում իրենց դրական վերաբերմունքը Հայաստանի ընտրական գործընթացների զարգացման վերաբերյալ:

«Չէի ցանկանա կապել այն հանգամանքի հետ, որ Եվրամիությունը ցանկանում է սրանով ինչ-որ մի բան մատնանշել հայկական ընտրական համակարգերում: Ուղղակի պետք է ասեմ, որ գոյություն ունեն մի շարք հանգամանքներ եւ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ Եվրոպայում ֆինանսատնտեսական պրոբլեմները դեռեւս ամբողջությամբ հաղթահարված չեն, եւ սա եւս կարող է հանգամանք հանդիսանալ, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք տարբեր երկրների համար նմանատիպ դոնորների համաժողովի հետաձգման օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա», - ասաց Զաքարյանը:

Հիշեցնենք, անցած տարեվերջին, Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Բրյուսելը պատրաստ է դոնոր երկրների եւ կազմակերպությունների միջազգային համաժողով կազմակերպել՝ Հայաստանյան բարեփոխումներին օժանդակելու նպատակով։ Այժմ նույն պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակցի հետո զրույցում նշել է, որ հարցի շուրջ հստակություն կմտցվի տարեվերջին։

Եվրամիության այս որոշումը կապված է մայիսյան ընտրությունների հետ, կարծում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Սա նշանակում է, որ դեմոկրատական հանրությունը չի ընդունել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները», - ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ եվրոպական դոնորներից ստացվող փողերի վրա Հայաստանի իշխանությունները խաղադրույք էին կատարել:

«Ակնհայտ է, որ խաղադրույքներ արել էին, ակնհայտ է, որ դրամի արժեզրկումը նաեւ կապված է դրա հետ, որ չունեն համապատասխան ֆինանսական գործիքները՝ շարունակելու իրենց այս քաղաքակությունը: Ըստ էության, մեսիջը հետեւյալն է՝ «դուք տապալել եք ընտրությունները, դուք այս փողը չեք ստանա եւ այս վիճակում պետք է գնաք ավելի մեծ զիջումների Ղարաբաղի հարցում», - ասաց Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանը պատահական չհամարեց, որ Եվրամիության պաշտոնյան դոնորների համաժողովի տեղափոխման մասին հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցի հրապարակման հենց հաջորդ օրը։ Զեկույցում խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական ձեւակերպումներ կան։

«Այս համաժողովում Հայաստանը կարող էր հավելյալ միջոցներ, վարկեր, դրամաշնորհներ ստանալ, դա միշտ էլ ցանկալի է, - ասաց հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ սակայն Հայաստանը այդ ծախսերի վրա հույս չի դրել. - «Պետության ծախսերի ընդհանուր պլանավորումը արտահայտվում է բյուջեով, բնականաբար, պայմանականությունների կամ տարբեր գործոնների հետ առնչություն ունեցող հաշվարկներ անելը իրական կամ իրատեսական չէր լինի: Այնուամենայնիվ, դա կարող էր լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրում ամենատարբեր խնդիրների հաղթահարման հետ կապված: 2001 թվականին, օրինակ, հատկացված միջոցները, ուղղվեցին աղքատության հաղթահարմանը»:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասում է՝ բարի ցանկությունների, գեղեցիկ աչքերի համար Եվրամիությունն օժանդակություն չի տրամադրում: Արզումանյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունը պետք է լավ նախապատրաստվի նախագահական ընտրություններին:

«Այս որոշմամբ ցույց է տրվում, որ բարեփոխումների անցկացումը չի բավարարում Եվրամիությանը: Սա հստակ ազդակ է, որ պետք է շատ ավելի լուրջ ձեռնամուխ լինեն այն բարի ցանկությունների իրականացմանը, որոնք ներկայացրեցին Ազգային ժողովի հաստատմամը, որպեսզի կարողանան հավակնել այդ լրացուցիչ գումարներին», - ասաց Արզումանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG