Մատչելիության հղումներ

Նորաբանություն անգլերենում` «կերժակել»


Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակով
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակով

Եվրո-2012-ում Ռուսաստանի հավաքականի հարձակվողի անփառունակ խաղի արդյունքում մարզական նոր տերմին է ծնվել։

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կերժակովի «շնորհիվ» անգլերեն լեզվում ծնվել է նոր բայ` «to kerzhakov», ինչը մարզական սլենգով հետայսու նշանակում է «վրիպել չափազանց հարմար դիրքից»։

Մեկնաբանելով Իտալիա-Անգլիա հանդիպումը` բրիտանական Guardian-ի թղթակից գրել է. - «48-րդ րոպեն է։ Տեսե'ք, թե ինչպես վրիպեց Դե Ռոսին, դարպասապահ Հարթը ետ է մղում ձախ կողմից իրականացված անկյունային հարվածը, գնդակը հայտնվում է իտալացիների մոտ։ Չեմ հասկանում, անգլիացիների պաշտպանությունը քնա՞ծ է, գնդակին տիրում է Դե Ռոսին, շրջվում եւ ընդամենը 6 յարդից «կերժակում է»։

Եվրո 2012-ում Ալեքսանդր Կերժակովի «ռեկորդ» է սահմանել` երեք հանդիպումներում կատարել է 12 հարված, որոնցից միայն մեկն է կարողացել ուղղել դարպասի ուղղությամբ, սակայն գնդակն անցել է դարպասի վերին ձողի վրայով։

Դրանից հետո ռուսական մամուլում եւ ինտերնետ-կայքերում հայտնվել են անհաշիվ անեկդոտներ ձախորդ հարձակվողի մասին։ Ամենաանմեղն այսպիսին է. - «Պարտությունից հետո հավաքականը գրեթե ամբողջ կազմով վերադարձել է Մոսկվա։ Գրեթե` որովհետեւ Կերժակովը Վարշավայի Շոպենի անվան օդանավայանում «վրիպել» եւ սխալ ինքնաթիռ է նստել»։

Խեղճ Կերժակովի հասցեին այնքան հեգնական բաներ են ասել, որ մեծ թվով ֆուտբոլիստներ, երկրպագուներ եւ մասնագետներ «Ձեռքներդ հետ քաշեք Կերժակովից» կարգախոսով արշավ են սկսել մամուլում եւ կոչ են արել չվիրավորել առանց այն էլ դառնացած մարզիկին։

Նույնիսկ Գերմանիայի հավաքականի մարզիչ Հոահիմ Լյովը` մարզական համերաշխություն հայտնելով Կերժակովին, ասել է, թե «չի կարելի միայն մեկ ֆուտբոլիստին դարձնել քավության նոխազ եւ մեղադրել հավաքականի անհաջող ելույթի համար»։

Այնուամենայնիվ, «to kerzhakov» նորաբանությունն աստիճանաբար մտնում է շրջանառության մեջ։

«Հուսով եմ, որ «չեմ կերժակի» առաջիկա խաղերում», - հունիսի 26-ին «Սովետսկի սպորտին» ասել է Մախաչկալայի «Մանժիի» հարձակվող Սամուել Էտո'Օ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG