Մատչելիության հղումներ

Սուպերմարկետներն ընդդեմ կրպակների


Շիրակի մարզում գործում է փոքր ու միջին 581 խանութ եւ ընդամենը մեկ սուպերմարկետ, որին էլ հենց բաժին է հասնում ամբողջ մարզում խանութների միջոցով իրականացվող մանրածախ առեւտրի շրջանառության 50 տոկոսից ավելին: Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ անցած տարի պատկերն այսպիսին է եղել ամբողջ հանրապետությունում:

Գաղտնիք չէ, որ նոր սուպերմարկետի բացումից հետո շրջակայքում վերանում են կրպակները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանի խոսքով` այժմ իրենց կառույցը լրջորեն զբաղվում է այս ոլորտով, ըստ նրա` օրենսդրությունը թույլ է տալիս որոշակի ձեւով ազդել ոլորտի վրա, բայց դա բավարար չէ: Հիմա հանձնաժողովում սպասում են ոլորտի մանրամասն վերլուծության արդյունքներին, որոնք ուսումնասիրելուց հետո հանդես կգան համապատասխան առաջարկներով:

Ըստ հնարավոր փոփոխությունների` որոշակի տարածքներում վերանալու են շուրջօրյա գործող սուպերմարկետները, ինչը, հանձնաժողովի կարծիքով, կօգնի կրպակատերերին սուպերմարկետների ոչ աշխատանքային ժամերին գումար վաստակելու հարցում: Աշխարհի շատ երկրներում գտել են այս խնդրի լուծման սեփական ուղիները, որոնք միշտ չէ, որ կիրառելի են Հայաստանում: Շատ սահմանափակումներ կարող են ուղղակի կործանարար լինել առեւտրային ցանցերի համար:

«Այսօր ԱՄՆ-ն եւ Եվրամիության շատ երկրներ փոձում են ինչ-որ չափով զսպել սուպերմարկետների ազդեցությունը շուկայի վրա, բայց զսպումը չի ենթադրում այնպիսի սահմանափակումներ, որ սուպերմարկետները չկարողանան աշխատել, պետք չէ մոռանալ, որ առեւտրային ցանցերը ունեն նաեւ դրական կողմեր, դրանք էականորեն նպաստում են առաջարկվող ապրանքների գների իջեցմանը», - ասաց Իսկանդարյանը:

Հայկական մանրածախ առեւտրի շուկան մանրամասն ուսումնասիրած «Ի-ՎԻ քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության մենեջեր Սոնա Գրիգորյանի խոսքով` այս ոլորտը Հայաստանում արագորեն զարգանում է: Եթե, օրինակ, Երեւանում երկու տարի առաջ սուպերմարկետներում կատարվում էր մանրածախ առեւտրի միայն տասը տոկոսը, ապա հիմա այդ թիվը հասել է երեսուն տոկոսի: Սա ցույց է տալիս, որ մենք գնում ենք հավասարվելու արտասահմանյան երկրներին, ինչը ամենեւին էլ չի նշանակում, որ մեզ մոտ կրպակներ չեն լինի ապագայում: Փորձագետների կարծիքով, կրպակներ կլինեն միշտ, քանի որ դրանք, այնուամենայնիվ, ունեն իրենց առավելությունները:


Ոչ միայն մեծ սուպերմարկետներ, այլ նաեւ փոքր խանութներ

«Սթար» առեւտրային ցանցի ադմինիստրատիվ եւ զարգացման գծով տնօրեն Արմեն Պողոսյանի խոսքով` այժմ իրենք փոխել են զարգացման ռազմավարությունը: Բակային խանութներ բացելով` առեւտրային ցանցը փորձում է ավելի մոտ լինել հաճախորդին: Նրա խոսքով` կրպակները իրենց մրցակից չեն կարող լինել, այդ իսկ պատճառով էլ շատերը դադարեցնում են աշխատանքը:

«Մինչ որեւէ տեղ սուպերմարկետ բացելը` մենք մանրամասն ուսումնասիրում ենք տվյալ տարածքում գործող մեր մրցակիցներին, ծանոթանում ենք առաջարկվող ծառայություններին եւ գներին, որոնց արդյունքում էլ հանդես ենք գալիս ավելի լավ առաջարկներով», - ասաց Պողոսյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանի խոսքով` շատ են եղել դեպքեր, երբ սուպերմարկետը տուգանվել է գերիշխող դիրքի չարաշահման համար, օրինակ` նոր բացված մեծ առեւտրային ցանցի սուպերմարկետը ուսումնասիրում է շրջակա խանութներում ապրանքների գները եւ դիտավորյալ իջեցնում սեփական գները: Արդյունքում չդիմանալով մրցակցությանը` շատ խանութներ ուղղակի փակվում են: Նման չարաշահում նկատելու դեպքում կրպակատերերը կարող են բողոքել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով:

Աշոտ Իսկանդարյանը նշեց, որ կրպակատերերը հազվագյուտ դեպքերում են բողոքում, իսկ շատ անգամ էլ դիմումներն ուղղակի անհիմն են:

ՀՀ ներկայիս օրենսդրությամբ նոր առեւտրային կետերի բացման համար սահմանափակումներ գոյություն չունեն: Գործնականում սուպերմարկետներ կարելի է բացել ցանկացած տեղում: Սա ոչ միայն դժվարին կացության մեջ է դնում կրպակատերերին, այլեւ արդեն վնասում է հարեւանությամբ գտնվող սուպերմարկետներին:

Ոլորտի կարգավորման համար ներկայումս շրջանառության մեջ է գտնվում մի օրինագիծ, որը կիրառելու դեպքում կսահմանափակվեն որոշակի տարածքում սուպերմարկետներ կառուցելու հնարավորությունները։
XS
SM
MD
LG