Մատչելիության հղումներ

Լրացուցիչ 101 մլրդից առայժմ հավաքվել է 15-ը


ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին հավաքվել է մոտ 328 մլրդ դրամ` 15 մլրդ դրամով ավելի հարկեր ու տուրքեր, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ուստի մնացած 7 ամիսներին կոմիտեն պետք է հավաքի լրացուցիչ եւս 87 մլրդ դրամ, որպեսզի ապահովվի պետբյուջեով նախատեսված լրացուցիչ 101 մլրդ դրամի հավելյալ եկամուտը:

Հարցին, թե որքանով է դա հնարավոր, Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքեց. - «Երկրորդ կիսամյակում, որպես կանոն, ավելի շատ եկամուտներ են հավաքագրվում, քան առաջին կիսամյակում: Այդ հարաբերակցությունը, որպես կանոն, կազմում է 44-45 տոկոսը 56-55 տոկոսի նկատմամբ: Այնպես որ, հիմնական աճը, ինչպեսեւ նախատեսված է, կիրականացվի այս տարվա երկրորդ կիսամյակում, եւ 101 մլրդ լրացուցիչ եկամուտները հուսով եմ, որ հարկային ու մաքսային մարմիններին կհաջողվի ապահովել»:

Այս 101 մլրդի լրացուցիչ հավաքագրման հարցը, հիշեցնենք, անցած աշնանը տարաձայնություններ էր հարուցել կառավարությունում: Եթե Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրապարակավ մտահոգություն ու կասկած էր հայտնում, թե իր ղեկավարած կոմիտեին կհաջողվի դա անել, եւ առաջարկում էր կոնկրետ նշել այն ոլորտները, որոնք պիտի ապահովեն այդ աճը, ապա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը համոզմունք էին հայտնում, որ գումարը կհավաքվի:

Ի դեպ, Արմեն Ալավերդյանն ինքն էլ անցած տարվա վերջին չէր թաքցնում իր մտահոգությունները: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել էր, թե լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի հավաքման հետ կապված խնդիրները «այժմ էլ պահպանվում են ու կլինեն նաեւ գալիք տարվա ընթացքում»:

«Չեմ կարծում, թե 101 միլիարդը ոտքի վրա հինգ րոպեում լուծելու խնդիր է: Բնականաբար, այդ եկամուտների ապահովման հետ կապված խնդիրները եղել են, կան եւ նաեւ լինելու են 2012 թվականին», - հավելել էր նա:

Ալավերդյանը այսօր նշեց, որ լրացուցիչ հարկերի ու տուրքերի հավաքումը առաջին հերթին կախված է Հայաստանի տնտեսության վիճակից:

Մոտ երկու շաբաթ առաջ Համաշխարհային բանկը նվազեցրեց Հայաստանի 2012 թվականի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը: Եթե այս հունվարին բանկը կանխատեսել էր, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2012 թվականին կաճի 4.3 տոկոսով, ապա նոր գնահատականի համաձայն, այդ թիվն արդեն 4.1 տոկոս է:

Հարցին` այդ պարագայում խնդիր չի՞ լինի լրացուցիչ հարկերի ու տուրքերի հավաքումը, Ալավերդյանը պատասխանեց. - «Իհարկե, եկամուտների ապահովման հիմնական աղբյուրը տնտեսությունն է եւ տնտեսական աճը: Այդ գործոնների հաշվին պետք է ապահովվի հիմնական եկամտային աճը: Այնպես որ, եթե մեր տնտեսությունը այդ տեմպերով աճի, ինչ որ այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ կա, կարծում եմ, դա ամուր բազա է եկամտային մասը կատարելու [համար]»:

«Օրակարգ» պարբերականի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած հայտնեց, թե Պետեկամուտների կոմիտեին կհաջողվի մինչեւ տարվա վերջ հավաքել լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր:

«Խնդիրն այն է, որ մենք պետք է հավաքագրենք 80 միլիարդից ավելի գումար: Եթե այդ գումարը բաժանում ենք մնացած ամիսներին, կտեսնենք, որ նախորդ տարվա համեմատ ամսական կտրվածքով 12 միլիարդ հավելյալ հարկեր պետք է հավաքագրվեն ամեն ամիս: Նման բան տեղի չի ունեցել, դա կտրուկ ավելացում է: Թե ինչպես են հավաքագրելու այդ գումարները, ես չեմ կարող ասել», - ասաց Չատինյանը:

XS
SM
MD
LG