Մատչելիության հղումներ

ՀԱԿ. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը հարված է հասցնում Հայաստանի վարկին»


Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) վերջնական զեկույցը «ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում եւ նաեւ թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում», հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)։

Դրա ամբողջական պատասխանատվությունը, համաձայն ընդդիմադիր շարժման` երեկ երեկոյան տարածած հայտարարության, «կրում են այս իշխանությունները, որոնք ամբողջովին կեղծելով ընտրությունները, ըստ էության մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը»:

Մեջբերելով զեկույցի արձանագրումները, թե «ընտրությունները, որոնք անցկացվել են կատարելագործված օրենքի հիման վրա, բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով», եւ «ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրողների ընտրության ազատության սահմանափակման ջանքերը, ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ եւ հակասության մեջ են մտել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների հետ», ՀԱԿ-ը շարունակում է. - «Այս գնահատականը, ըստ էության, նշանակում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները չեն ընդունել, որ այս ընտրությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին»:

«Զեկույցում նաեւ բազմաթիվ տեղեկություններ կան վարչական ռեսուրսի օգտագործման, բազմակի քվեարկության, ձայների գնման մասին», - նշում է ընդդիմադիր շարժումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG