Մատչելիության հղումներ

Հունիսի 28-ի մամուլ


«Երկիր»-ը գնահատում է անցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` նախօրեին հրապարակեց զեկույցը. - «Այն ընդհանրական մոտեցումը, որը դրսեւորել են այս զեկույցը կազմողները, վիրավորանք է ոչ միայն Հայաստանի իշխանության, այլեւ ողջ ժողովրդի նկատմամբ։ Օրինակ, ինչպե՞ս հասկանալ, որ մի կողմից նշում են, թե ընտրություններն անցել են «բարեփոխված օրենսդրությամբ», իսկ մյուս կողմից` ընդգծում, որ «որոշ ուժեր» չարաշահել են վարչական ռեսուրսը, սահմանափակել մարդկանց ընտրության ազատությունը, ընտրողների նկատմամբ սպառնալիքներ կիրառել ու էլի հազար ու մի նման բաներ, եւ դրանք համարել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում։ Խախտումների ու թերությունների այն ծավալը, որը ներկայացվում է, ընտրությունների նկատմամբ հանրային վստահության դեֆիցիտի մասին վկայող իրողությունների թվարկումն ու ներկայացումը այս ժողովրդին հարգող որեւէ կազմակերպության իրավունք չպիտի տար ընտրությունները օրինական համարել։ Որովհետեւ ստացվում է, որ մեր դեպքում նույնիսկ ձեռքբերում է, որ կարողացել ենք առավելապես խաղաղ քարոզարշավ անցկացնել»։

Վերլուծելով աշնանը սպասվող ներքաղաքական վերադասավորումների մասին վերջին օրերին շրջանառվող պնդումները` «Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Վերադասավորման երկու տարբերակ կա՝ կամ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների միասնական շտաբից բացի, այս անգամ նաեւ միասնական թեկնածու են ձեւավորում, կամ էլ «Բարգավաճ Հայաստանը», այսպես ասած, այլընտրանքից վերադառնում է իշխանության եւ հայտարարում է Հանրապետականին սատարելու մասին: Վերադասավորման այլ տարբերակ կարծես թե չի մնացել, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության դաշտում: Այս երկու կուսակցությունները կամա, թե ակամա, համաձայնեցված, թե պատահաբար այնպես են սեղմել դաշտը, այնպես են այն կոնսպեկտավորել, որ այլ տարբերակների համար որեւէ հնարավորություն կարծես թե չի մնացել, եւ վերադասավորումները կախված են նրանից, թե ինչի շուրջ եւ մինչեւ ինչքան կպայմանավորվեն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, եւ ինչ չեն կարողանա կիսել: Ըստ դրա էլ աշնանը կձեւավորվի քաղաքական գործընթացների առանցքային տրամաբանությունը: Այնպես որ, խորհրդարանական ընտրություններից հետո արդեն նախագահական ընտրություններում կարծես թե մեծ գաղտնիքներ առանձնապես չեն մնացել»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Անկախ նրանից, թե ով է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, եւ արդյոք կլինի՞ այդպիսին, անկախ նրանից, թե ինչպես են ավարտվելու այդ ընտրությունները, կարելի է արձանագրել, որ այս պահին քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների համար ստեղծվել է հարաբերականորեն ազատ գործելու դաշտ։ Հարաբերականորեն, որովհետեւ մենք շա՜տ հեռու ենք ժողովրդավարության եւ խոսքի ազատության եվրոպական չափանիշներից, իսկ դրանց մոտենալու համար անհրաժեշտ է նախեւառաջ մեր քաղաքացիների մեծամասնության անկեղծ ցանկությունը, որն ակնհայտորեն չկա։ Եթե փողոցում հարցնեք մարդկանց` դուք կո՞ղմ եք այդ չափանիշներին, ապա մեծ մասն ընդհանրապես չի հասկանա, թե ինչի մասին է խոսքը, եւ կսկսի բողոքել իր սոցիալական դժվարությունից, իսկ մի քանիսն էլ սրտանց մի ուշունց կտա` այդ չափանիշների անունը լսելիս։ Ի դեպ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը` իր զեկույցները պատրաստելիս։ Բայց չափազանց հեռու լինելով Եվրոպայից` մենք այս առումով առանձնապես չենք զիջում Վրաստանին եւ Թուրքիային ու մի քանի քայլ առաջ ենք մյուս հարեւաններից»։

Վերջին շրջանում Հայաստանում ինքնասպանությունների` մտահոգիչ դարձած վիճակագրությանն արձագանքելով` «Հայոց Աշխարհ» թերթը գրում է. - «Հուսահատությունն ու ինքնասպանությունը քայլում են թեւ թեւի։ Իսկ հուսահատության զգացողությունն ավելի է խորանում ընդհանուր անորոշության պայմաններում։ Շատ կուզենայի սխալվել, սակայն ընդհանուր տպավորությունն այն է, որ հասարակությունն ու մարդկանց մեծամասնությունն առհասարակ որեւէ, անգամ ուրվագծային պատկերացում չունեն տեսանելի ապագայի ու այդ ապագայում իրենց տեղի, դիրքի ու վիճակի վերաբերյալ։ Չկա որեւէ վստահություն վաղվա օրվա նկատմամբ, ու մեծ մասամբ չկան դրական ակնկալիքներ այդ վաղվա օրվանից, կյանքից ու կյանքի հետագա ընթացքից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG