Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կոչ է անում շարունակել բարեփոխումները


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց
Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց
Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանում` այդ թվում խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված բարեփոխումները՝ միաժամանակ ընդգծելով առկա թերությունները վերացնելու անհրաժեշտությունը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հանդիպումից հետո ասել է Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիցը։

«Բարձրագույն հանձնակատարը ողջունեց վերջին խորհրդարանական ընտրությունները առավել թափանցիկ եւ մրցակցային միջավայրում անցկացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած ջանքերը, բայց նաեւ ընդգծեց ԵԱՀԿ դիտորդների կողմից արձանագրված մի շարք խնդիրներին արձագանքելու անհրաժեշտությունը՝ 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ», - հավելեց խոսնակը։

Պաշտոնական աղբյուրի հաղորդմամբ, Եվրամիության արտգործնախարարը ողջունել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, միեւնույն ժամանակ՝ շեշտել սկսված բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը. - «Քեթրին Էշթոնը ընդգծեց, որ բարեփոխումները պետք է շարունակվեն, եւ դրանք հատկապես անհրաժեշտ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունն ու հիմնարար ազատությունները»։

Հանդիպման ժամանակ Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատարը անդրադարձել է նաեւ ղարաբաղյան խնդրին՝ ցավ հայտնելով հունիսին շփման գծում արձանագրված կորուստների համար եւ կոչ անելով կողմերին՝ ակտիվացնել ջանքերը կարգավորման հասնելու համար։

«Քեթրին Էշթոնը ընդգծեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցիացման եւ տնտեսական ինտեգրացիայի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քեթրին Էշթոնի խոսնակը։

Նշենք, որ ավելի վաղ՝ անցած տարեվերջին, Եվրամիության՝ ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Բրյուսելը պատրաստ է դոնոր երկրների եւ կազմակերպությունների միջազգային համաժողով կազմակերպել՝ Հայաստանյան բարեփոխումներին օժանդակելու նպատակով։ Այժմ նույն պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակցի հետո զրույցում նշել է, որ հարցի շուրջ հստակություն կմտցվի տարեվերջին։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների վերջնական զեկույցը նոր է հրապարակվել, եւ մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք այն։ Պատճառն այն է, որ մեր աջակցությունը այս համաժողովին՝ դոնորների այս հավաքին, պայմանական էր՝ կապված խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու հետ։ Այժմ մենք ուսումնասիրում ենք ԵԱՀԿ դիտորդների զեկույցը», - ասել է Փիթեր Սթանոն՝ հիշեցնելով Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ Բրյուսելի որդեգրած սկզբունքը. «ավելին՝ավելիի դիմաց»։

«Որքան շատ բարեփոխումներ է իրականացնում Հայաստանը, այնքան ավելի շատ կլինի Եվրամիության աջակցությունն ու օժանդակությունը», - ասել է Եվրամիության՝ ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ բարեփոխումներ է սպասում Բրյուսելը Հայաստանի իշխանություններից՝ Եվրամիության ներկայացուցիչը նշել է. - «Անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հարթել այն բացթողումները, որոնք արձանագրվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ միջազգային չափանիշներին լիովին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար, բացի այդ, անհրաժեշտ է ավելացնել ջանքերը ` Ադրբեջանի հետ Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ ամրապնդել դատական համակարգի անկախությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG