Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանել է Բրյուսել


Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը Երեւանում, արխիվ, 16-ը նոյեմբերի, 2011թ․
Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը Երեւանում, արխիվ, 16-ը նոյեմբերի, 2011թ․
Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով Բրյուսել է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Բրյուսելում նախատեսվում է նաեւ Սերժ Սարգսյանի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը։

Հանդիպման օրակարգի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակի հարցին պատասխանելով՝ Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոսիյանչը ասել է, որ հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային որոշ խնդիրներ։

«Նրանք ավելի կոնկրետ զրուցելու են Հայաստանում անցկացված խորհրդարանական վերջին ընտրությունների վերաբերյալ։ Ակնկալվում է, որ բարձր ներկայացուցիչը կքաջալերի Հայաստանի ջանքերը՝ խորհրդարանի ընտրություններն առավել թափանցիկ անցկացնելու կապակցությամբ», - ասել է Մայա Կոսիյանչը։

Միաժամանակ Էշթոնը, ըստ խոսնակի, Հայաստանի նախագահին եւ իշխանություններին կհորդորի հաջորդ տարի նախատեսված նախագահի ընտրությունների ժամանակ նկատի ունենալ խորհրդարանի ընտրություններից հետո ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության զեկույցում նշված թերությունները։

Ըստ Մայա Կոսիյանչի, Սերժ Սարգսյանը եւ Քեթրին Էշթոնը կքննարկեն նաեւ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ սկսված բանակցությունները, կանդրադառնան Եվրոպական հարեւանության քաղաքականության փաթեթին առնչվող հարցերի, որը ներառում է կոնկրետ հանձնարարականներ եւ Էշթոնը Սարգսյանին կհորդորի շարունակել բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են ասոցացման գործընթացի առաջընթացի համար։

«Նախատեսվում է նաեւ քննարկել Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը։ Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում արձանագրված միջադեպերը, որոնք շատ են մտահոգում մեզ», - ասել է Քեթրին Էշթոնի խոսնակը ու հավելել՝ բարձր ներկայացուցիչը պատրաստվում է վերահաստատել Մինսկի խմբի գործունեության շրջանակներում խնդրի կարգավորմանը միտված ջանքերը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Քեթրին Էշթոնը պատրաստվում է առավել լայն ներգրավվածություն ունենալ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, խոսնակն ասել է․ - «Դուք գիտեք, որ մենք դիտարկում ենք Մինսկի խմբի գործունեությունը։ Մենք մեծ ակտիվությամբ ենք հետեւում զարգացումներին, որոշակի տարբերակներ ենք առաջարկում, որոնք կարող են նպաստել բանակցությունների շարունակությանը։ Մենք աջակցում ենք Մինսկի խմբին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG