Մատչելիության հղումներ

logo-print

Թեղուտի պաշտպանները պահանջներ կներկայացնեն կառավարությանը


Պոչամբար Լոռու մարզում, արխիվ

Պոչամբար Լոռու մարզում, արխիվ

Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստները կառավարությունից պահանջելու են օրենսդրական մեխանիզմներ մշակել հանքարդյունաբերական տարածքներին մոտ ապրողների առողջական խնդիրների պատճառները պարզելու եւ համապատասխան փոխհատուցում տրամադրելու համար։

«Հանքատերերը ստանում են գերշահույթներ եւ իրենցից հետո մեզ թողնում են միայն թափոն, պոչամբար, արատավոր ծնունդներ եւ փչացած գենոֆոնդ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին բնապահպանները։ - «Մեր խնդիրն է ամբողջապես գնահատական տալ, թե հանքարդյունաբերական գործունեությունը ինչ օգուտներ եւ վնասներ է տալիս, որտեղ կարելի է հանք շահագործել, որտեղ չի կարելի, եթե շահագործում ես, ինչպիսի միջոցներ պետք է իրականացնես, որպեսզի ե՛ւ էկոլոգիական նորմերը ապահովես, ե՛ւ մարդկանց առողջական վիճակի մասին հոգ տանես»։

Թեղուտի պաշտպանության խմբի ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ այն գոտիներում, որտեղ բնառեսուրսային պայմանները թույլ են տալիս զարգացնել զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, տնտեսության հեռանկարային ճյուղերը, անհրաժեշտ է խուսափել հանքարդյունաբերական գործունեությունից։

ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը 2007 թվականին Քաջարան քաղաքում ու մոտակա գյուղերում իրականացված հետազոտության արդյունքում սնդիկ ու մկնդեղ էր հայտնաբերել այդ տարածքում ապրող երեխաներից շատերի օրգանիզմներում։ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը հանդիպել է այդ տարածաշրջանի բնակիչների, ինչպես նաեւ փորձագետների հետ ու այդ մասին ֆիլմ նկարահանել։



«Հայտնաբերված մետաղները շատ վտանգավոր են եւ շատ լուրջ ազդեցություն կարող են ունենալ մարդու առողջության վրա։ Այս մասին որեւէ մասնագետ չի կարող վիճել կամ այլ կարծիք ունենալ», - ասում է «Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը՝ հավելելով․ - «Առողջապահության նախարարությունը որեւէ կերպ սրան չի արձագանքել։ Դա այնպիսի մի ցուցանիշ է, որ ամբողջ հանրապետությունը պետք է ոտքի կանգներ եւ գնար այնտեղ՝ պատճառը տեսնելու։ Դա ամենավտանգավոր էլեմենտներից մեկն է»։

XS
SM
MD
LG