Մատչելիության հղումներ

Պուտինին վստահում է ռուսաստանցիների մոտ կեսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթներից մեկի ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթներից մեկի ժամանակ

Ռուսաստանի նախագահին վստահում է երկրի բնակիչների միայն 49 տոկոսը: Սա են վկայում «Լեւադա» հետազոտական կենտրոնի այս շաբաթ հրապարակած հարցման հերթական արդյունքները:

«Հունիսի առաջին երկու շաբաթներին 1500 ռուսաստանցիների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ պետական կառավարման ողջ համակարգն աստիճանաբար հեղինակազրկվում է` կորցնելով իր երբեմնի բարձր վարկանիշը», - արձանագրում են ռուս սոցիոլոգները` նկատելով, որ 2009-ի նոյեմբերին նախագահի ինստիտուտի հանդեպ վստահության մակարդակը 66 տոկոս էր, իսկ այժմ` միայն 49, կառավարության ղեկավարի վարկանիշը երկուսուկես տարի առաջ 70 տոկոս էր, այժմ` 42 տոկոս:

«Լեւադա»-ի մասնագետները հրապարակել են նաեւ մեկ այլ հարցման արդյունքներ, որի նպատակն է պարզել` արդյոք դրակա՞ն են վերաբերվում ռուսաստանցիները անձամբ Վլադիմիր Պուտինին եւ նրա նախագահական երրորդ ժամկետի մեկնարկին:

Պարզվում է, որ Պուտինի քաղաքականությանը անվերապահ աջակցություն է հայտնում հարցվածների միայն 15 տոկոսը` այն պարագայում, երբ 2010-ի ամռանն այդ ցուցանիշը 22 տոկոս էր կազմում:

Ռուսաստանցիների 28 տոկոսն ուրախ է, որ Պուտինը կրկին զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը, մոտ 27 տոկոսն այդ իրադարձությունն ընկալել է անտարբերությամբ, եւս 24 տոկոսի մոտ Պուտինի երրորդ պաշտոնավարումը որոշակի նոր հույսեր է առաջացրել:

Սկզբունքային ընդդիմադիրները, ըստ «Լեւադա»-ի, այսօր կազմում են ռուսական հանրության մոտ մեկ հինգերորդ մասը: Հարցվածների 21 տոկոսը նշել է, որ խիստ բացասաբար է ընկալել Պուտինի վերադարձը Կրեմլ, ընդգծելով, որ այդ իրադարձությունն իրենց մոտ բազմաթիվ վատ զգացողություններ է առաջ բերել` վախից մինչեւ զզվանք ու վրդովմունք:

Ընդհանուր առմամբ, ըստ ռուս սոցիոլոգների, այսօր երկրի հանրային կարծիքը գրեթե երկու հավասար մասի է բաժանվել:

«Ռուսաստանցիների մոտ 44 տոկոսը լավատեսորեն է նայում ապագային, 40 տոկոսը` հոռետեսորեն», - նշել է «Լեւադա» կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը` հավելելով. - «Ինչ վերաբերում է անձամբ Պուտինին, ապա նրա վարկանիշը որոշակիորեն իջել է: Ամեն դեպքում, Պուտինի աջակիցների եւ սկզբունքային հակառակորդների տոկոսային հարաբերակցությունն այժմ 50-30 է` հօգուտ գործող նախագահի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG