Մատչելիության հղումներ

logo-print
ԱԺ-ում ներկայացված ոչ կոալիցոն ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում մեկնաբանում են ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարի` երեկվա հանրահավաքում արած հայտարարությունը:

«Առջեւում նախագահական ընտրություններ են», - երեկ Ազատության հրապարակում ասել էր Լեւոն Զուրաբյանը եւ հայտարարել. - «Ստեղծվել է շատ ռեալ հնարավորություն Ազգային ժողովում ռեժիմի դեմ միավորելու բոլոր ոչ կոալիցիոն ուժերը եւ միասնաբար ակտիվացնել ժողովրդի հանրահավաքային պայքարը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանին այդ առնչությամբ ասաց. - «Հանրահավաքը զանգվածային արտահայտում է, իսկ այդ դեպքում ստիպված ես շատ նուրբ, նրբանկատորեն վերաբերվել եւ մաքսիմալ կոռեկտություն պահպանել: Ես չէի ուզենա մեկնաբանել: Այդ պատճառով»:

Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխանցմամբ, «ընդդիմադիր քաղաքական ուժերը այսօր հնարավորություն ունեն այս կամ այն հարցի վերաբերյալ միանման դիրքորոշումներ արտահայտել, բայց դա չի նշանակում, թե այսօր կան իրատեսական հիմքեր ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման համար»:

Միեւնույն ժամանակ, Վարդանյանը հավելեց. - «Նախագահական ընտրությունները դեռեւս առջեւում են: Կարծում եմ, դեռ շատ ջրեր կհոսեն: Եվ այսօրվանից խոսել հնարավոր ամբողջական համագործակցության մասին ես իրատեսական չեմ համարում»:

«Ոչինչ չի բացառվում», - այդուհանդերձ հավելեց նա: - «Չի բացառվում նաեւ որոշ հարցերի շուրջ համագործակցություն այլ ուժերի հետ` ե'ւ արտախորհրդարանական, ե'ւ խորհրդարանական, բայց կարծում եմ, դեռեւս իսկապես շատ ջրեր կհոսեն»:

Նա նաեւ փոխանցեց, որ այդ խնդիրների շուրջ որեւէ քննարկում որեւէ ուժի հետ առայժմ չի եղել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն արձագանքեց, թե նախագահական ընտրություններին ընդառաջ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի համախմբումը տեսականորեն է հնարավոր, սակայն գործնականում անհնար է. - «Ես էլի մնում են այն կարծիքին, որ միասնական շտաբը, ըստ էության, ի վնաս ընդդիմության էր: Որովհետեւ փաստորեն ընդդիմության որոշ ուժեր ըստ էության պաշտպանության տակ վերցրեցին կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործողությունները: Ես նկատի ունեմ եւ կաշառատվությունը. «Բարգավաճը» համատարած Հանրապետականի հետ միասին զբաղված էր կաշառատվությամբ»:

XS
SM
MD
LG