Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ դաշնակահարը չորեքշաբթի երեկոյան ժամը 19-ին միայն մեկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

Դասական եւ ջազ երաժշտության համադրմամբ ճանաչում ձեռք բերած կոմպոզիտոր, դասական երաժշտության մեկնաբան ամերիկացի Ուրի Քեյնն առաջին անգամ է Հայաստանում:

«Հիանալի է: Պետք է ասեմ, որ շատ ուրախ եմ այստեղ գտնվելուս համար: Շատ ոգեշնչող եւ բավարարված եմ զգում` աշխատելով Վահանի [Մարտիրոսյան] եւ մյուս երաժիշտների հետ», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշնակահարը:

Ուրի Քեյնը ծնվել է Ֆիլադելֆիայում: Նվագել է այնպիսի հանրահայտ երաժիշտների խմբերում, ինչպիսիք են Փիլի Ջոու Ջոնսը, Հանկ Մոբլը, Միքի Ռոքերը: Իր ղեկավարած խմբերի հետ Քեյնը ձայնագրել է 22 ալբոմ:

Այսօրվա համերգային ծրագրում նրա կատարմամբ կհնչեն հանրահայտ հայ կոմպոզիտորների` Կոմիտասի եւ Ասլամազյանի «Մանրանվագները», նաեւ եվրոպացի կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի «Սերենադը» լարայինների համար` Կուպերենի եւ Դեբյուսիի թեմաներով:

Ինքը Ուրին նշեց, որ մինչեւ Հայաստան գալը ծանոթ չէր Կոմիտասի ստեղծագործություններին: Համերգին կատարվելիք ստեղծագործությունները կհնչեն իմպրովիզացված տարբերակով:

«Մենք իմպրովիզացիա ենք անում, իսկ իմպրովիզացիան ազատություն է պահանջում: Եվ կարեւոր է այստեղ ունենալ կառուցվածք, որը կարող է լինել դասական երաժշտություն, ժողովրդական երգ, ռիթմ, տակտ կամ հնչյուն, եւ դա է հիմքը», - հավելեց նա:

Այս համերգը համակարգվում է Փարիզի «Մշակույթ եւ համագործակցություն» եվրոպական ասոցիացիայի կողմից:

Ծրագրի շրջանակներում Ֆրանսիայից եւ Բելգիայից Հայաստան են ժամանել նաեւ ջութակի երկու վարպետ: Նրանք աշխատելու են Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, հետեւելու են գործիքներին, իսկ անհրաժեշտության դեպքում` նույնիսկ վերանորոգելու են:

Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հավաստմամբ իրենք կձգտեն անել հնարավոր ամեն ինչ այս ծրագիրը շարունակելի դարձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG