Մատչելիության հղումներ

Մի քանի տասնյակ տաքսու վարորդներ այսօր հավաքվել էին Երեւանի Բագրատունյաց – Արին Բերդ փողոցների մերձակայքում՝ այսպես կոչված «Տեցի կռուգի» հատվածում։

Վարորդները բողոքում էին, որ իրենց պարտադրում են դառնալ անհատ ձեռներեց, ձեռք բերել դեղին պետհամարանիշեր, տեղադրել թանկարժեք հաշվիչ սարք։

«Մեզ դեղին համար պետք չէ, մենք ինչի՞ տեր ենք 150 հազար տանենք տանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց վարորդներից մեկը։

«Մենք չենք ուզում դեղին համար։ Ես անհատ եմ՝ կարող է 1 օր քշում եմ, 10 օր չեմ քշում», - հավելեց մյուսը։

Վարորդները նամակներ են ուղղել երկրի նախագահին, վարչապետին, կառավարությանը, սակայն կոնկրետ պատասխաններ, ինչպես իրենք են ասում, չեն ստացել։

Վարորդներն ասում են, թե պատրաստ են վճարել բոլոր հարկերը, բայց դեղին պետհամարանիշեր, լիցենզիա եւ թանկարժեք հաշվիչ տեղադրել ի վիճակի չեն։

Մինչդեռ այն վարորդները, ովքեր ձեռք չեն բերի դեղին պետհամարանիշեր, ստիպված են վճարել տուգանքներ: Տուգանում է թե’ տրանսպորտի նախարարությունը, թե’ հարկային տեսչությունը. առաջինի տուգանքները, ըստ վարորդների, սկսվում են 50 հազար դրամից, իսկ երկրորդինը կազմում է 250 հազար դրամ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տրանսպորտի փոխնախարար Արտաշես Ավետիսյանն ասաց, որ պետական վճարները հստակեցված են օրենքով: Եվ կարգը գործել է մինչեւ հիմա, իսկ վարորդներն ակտիվացել են հատկապես հունիսի 22-ին Կառավարության որոշումից հետո, որը հանել է սահմանափակումը որպես տաքսի շահագործվող ավտոմեքենաների տարիքի հետ կապված։ Նույն օրը, նշենք, ԱԺ-ում ընդունվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծ, որն առաջարկվում է վերանայել տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերի պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը` 6 ամիսը մեկ հաճախականությունը դարձնելով տարին մեկ անգամ:

Փոխնախարարի տվյալներով` Հայաստանում գործում են շուրջ 2000 սպիտակ եւ 1800 դեղին պետհամարանիշերով տաքսիներ: Սպիտակ համարանիշերով անհատ տաքսու վարորդները, նախարարի խոսքով, բաժանվում են մի քանի մեծ խմբերի: Մի քանի հարյուր վարորդ ընգրկող խմբի ներկայացուցիչներին երեկ ու այսօր հանդիպել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Ինձ թվում է, նախարարը սպառիչ պատասխաններ տվել է որոշ հարցերին: Եվ այն առաջարկները, որ իրենք անում են կամ պետք է անեն` լինելու է քննարկման առարկա», - փոխանցեց Ավետիսյանը:

Փոխնախարարը նաեւ հստակեցրեց պետական տուրքի չափերը. լիցենզիա ստանալու համար` 25 հազար դրամ, պետական գրանցման վկայականի համար` 3 հազար դրամ, սակաչափիչի արժեքը 30-50 հազար դրամ է, կողային շախմատային գծապատկերն արժե 3 հազար դրամ, «Տաքսի» նշանը եւս 3 հազար դրամ է, 12 հազար 500 դրամ արժե դեղին պետհամարանիշը, 20 հազար 500 դրամ է կազմում եռամսյակի արտոնագրային վճարը եւ 5 հազար դրամ` գործարքը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ գրեթե նույն բողոքները հնչեցրել էին Գյումրիի տաքսու վարորդները:

XS
SM
MD
LG