Մատչելիության հղումներ

Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնները (ՇՊԱԿ) Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում անվճար խորհրդատվություն եւ իրավաբանական աջակցություն են ցուցաբերում այն քաղաքացիներին, ովքեր բախվում են կոռուպցիոն դրսեւորումների:

Երեւանյան ՇՊԱԿ-ի համակարգող Մարատ Ատովմյանը նշեց, որ քաղաքացիենրը դիմում են տեղական ինքնակառավարման մարմինների, նախարարությունների, գործատուների եւ տարբեր մարմինների անբարեխիղճ աշխատանքից բողոքներով:

«Մի կին դիմել էր՝ բողոքելով, որ առանց հիմնավորելու փոխվել էր իր հաշմանդամության կարգը՝ 3-րդ անժամկետից դառնալով 2-րդ անժամկետ: Մեր իրավաբանը դատական կարգով բողոքարկեց այդ որոշումը եւ Վարչական դատարանը գտել էր, որ իրոք անհիմն է փոխվել այդ կնոջ հաշմանդամության կարգը: Եթե նույնիսկ չէին փոխել այդ կնոջից մի բան վերցնելու համար, միեւնույնն է ընթացակարգի խախտում է տեղի ունեցել: 2-ը 3-ի փոխելը պարզապես թվեր չեն, որ մեկը մեկով փոխեին», - նշեց Մարատ Ատովմյանը:

2011-ի օգոստոսից 2012-ի մայիս ամիսներին կենտրոն դիմել է 1504 քաղաքացի: Մարատ Ատովմյանի խոսքով` 36 գործ հաջողությամբ լուծվել է, 28 գործ ուղարկվել է դատարան, 198 դիմում ոստիկանություն եւ դատախազություն:

Քաղաքացիներն այդուհանդերձ նշում են, որ անընդհատ բախվում են կաշառք տալու երեւույթին, քանի որ այդպես իրենց խնդիրներն ավելի արագ են լուծվում:

«Մանկապարտեզում կաշառք ենք տալիս, որ մեր երեխաներին լավ նայեն»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Բացի քաղաքացիներին աջակցելուց, ՇՊԱԿ-երը ուսումնասիրում են նաեւ օրենսդրության մեջ եղած բացերը եւ համապատասխան բարեփոխումների նախագծեր ներկայացնում ԱԺ եւ կառավարություն: Մինչ այժմ այսպիսի 16 առաջարկ է ներկայացվել, որոնցից մեկը կապված էր Քաղաքացիական օրենսգրքում երկու հոդվածների փոփոխության հետ, որոնք իրենց կարծիքով հակասում են իրար եւ կոռուպցիոն ռիսկ են պարունակում:

«Մենք գրեցինք Արդարադատության նախարարություն, այնտեղից պատասխանեցին, թե քանի որ հարցը խնամակալությանն է վերաբերում, պետք է դիմենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Դիմեցինք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ասացին, որ Արդարադատության նախարարություն պիտի դիմել: Ստիպված եղանք դիմել վարչապետին, նոր այստեղից գնաց Արդարադատության նախարարություն, որտեղից էլ պատասխան եկավ, որ ոչ միայն կիսում են մեր կարծիքը, այլեւ արդեն համապատասխան օրենքի նախագիծը ներկայացրել են կառավարությանը, բայց այս «կարուսելը» տեւեց 6 ամիս», - ասաց Մարատ Ատովմյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG