Մատչելիության հղումներ

Թումանյանի բնակարանի բանալին հանձնվեց Վիրահայոց թեմին


Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Անցած փետրվարին Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նվիրատվության շնորհիվ գնվեց վրացի սեփականատիրոջից եւ փոխանցվեց Գրողների համահայկական հիմնադրամին:

Կառավարության հանձնարարությամբ այդ հարցով զբաղվում էր Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով այսօր լրագրողների ներկայությամբ մեծ բանաստեղծի թբիլիսյան բնակարանի բանալին հանձնեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայող թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

«Բոլոր դժվար բանակցությունների ընթացքում մեզ սատարել են թե' Վիրահայոց թեմը` հանձին Սրբազանի, թե' մեր դեսպանատունը Թբիլիսում` հանձին արտակարգ եւ լիազոր դեսպան Մանուկյանի, եւ ես այսօր հրապարակավ ուզում եմ Թումանյանի տան բանալիները հանձնել հասցեատիրոջը», - Միրզախանյանին հանձնելով բանալիները` ասաց Անանյանը:

«Սա մեզ համար ե'ւ պատիվ է, ե'ւ պատասխանատվություն: Արդեն իսկ ծրագրել ենք մի քանի աշխատանքներ իրականացնել», - հայտարարեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Բնակարանը դեռ պիտի վերանորոգվի, եւ կրկին Վարդան Ղուկասյանը հանձնառել է տրամադրել անհրաժեշտ գումարը: Սակայն պիտի նաեւ գնվի բնակարանի այն հատվածը, որտեղ այժմ բնակվում է մեծ բանաստեղծի ծոռը` Ալյոնա Կոլեսնիկովան, որպեսզի նա կարողանա այլ բնակարան գնել:

Միրզախանյանը նշեց, որ այժմ այդ հարցով բանակցություններ են վարվում այլ բարերարների հետ:

Թումանյանի թբիլիսյան բնակարանը դառնալու է նրա անունը կրող մշակութային օջախ, որտեղ կգործեն Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Հայ մտավորականների միությունը, Հայ նկարիչների միությունը եւ գալիք հուլիսի 1-ին հիմնադրվելիք Հայ երաժիշտների միությունը:

«Արվեստի միությունները կգործեն հենց Հովհաննես Թումանյանի տանը, քանի որ մինչեւ օրս չունեն իրենց գրասենյակները», - հավելեց Վազգեն Սրբազանը:

Թումանյանի բնակարանի ձեռք բերումը հնարավոր դարձավ անցած տարի Վրաստանում կատարված օրենսդրական փոփոխության շնորհիվ, որով կրոնական համայնքներին թույլատրվեց գրանցվել եւ դառնալ հանրային իրավունքի սուբյեկտ:

Վիրահայոց թեմի առաջնորդը փոխանցեց, որ այսօր Վրաստանում գործում են 41 հայկական եկեղեցիներ: Կան նաեւ շուրջ 300 հարյուր չգործող եկեղեցիներ. - «Դիմելու ենք կառավարությանը, որ այդ եկեղեցիները` գործող, չգործող, վրացականացված, այս ամբողջը մենք պահանջելու ենք Վրաստանի իշխանություններից վերադարձնել Վիրահայոց թեմին»:

XS
SM
MD
LG