Մատչելիության հղումներ

Ադրբեջանում 89 քաղբանտարկյալ կա


ԵԽԽՎ-ի նստաշրջանը, արխիվային լուսանկար
ԵԽԽՎ-ի նստաշրջանը, արխիվային լուսանկար
«Այս պահին Ադրբեջանում 89 քաղբանտարկյալ կա», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության` երեքշաբթի օրը Ստրաբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղբանտարկյալների գծով հատուկ զեկուցող Քրիստոֆ Շտրասերը:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը Ստրասբուրգում հավանության է արժանացրել Շտրասերի պատրաստած բանաձեւի նախագիծը, որը քվեարկության կդրվի արդեն սեպտեմբերին` Վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները, բանաձեւի նախագծի քննարկումն անցել է դռփակ պայմաններում եւ բավական բուռն մթնոլորտում։ Քաղբանտարկյալ հասկացության ձեւակերպումը հստակեցնող բանաձեւի նախագծին կողմ են քվեարկել հանձնաժողովի 26 անդամներ, 22-ը դեմ են հանդես եկել։

Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը «Թուրան» լրատվական գործակալությանը փոխանցել է, որ բանաձեւը չի անդրադառնում բացառապես Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների խնդրին: Չնայած դրան, հանձնաժողովի նիստի ընթացքում ամենաբուռն քննարկումը ծավալվել է հենց ադրբեջանական բանտերում գտնվող քաղաքական ակտիվիստների ճակատագրի շուրջ:

Ավելին, ադրբեջանական պատվիրակության անդամները հանձնաժողովի նիստին ներկայացրել են Բաքվում գործող շուրջ 30 հասարակական կազմակերպությունների դիմումը, որում նրանք կոչ են անում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին` մերժել բանաձեւի նախագիծը եւ չընդգրկել այն աշնանային նստաշրջանի լիագումար նիստերի օրակարգում: «Ինչպես կարող է Շտրասերը օբեյկտիվ զեկույց պատրաստել, եթե իր նշանակումից հետո անցած երեք տարիներին ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջան», - նշել են իշխանամետ կազմակերպությունների անդամները:

Նշենք, սակայն, որ գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերը մի քանի անգամ փորձել է գալ Ադրբեջան` խնդրին ծանոթանալու, իշխանությունների, ընդդիմության եւ կալանավորված քաղաքական ակտիվիստների հարազատների հետ հանդիպելու նպատակով, սակայն Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունն այդպես էլ նրան մուտքի վիզա չի տրամադրել: Ադրբեջանական իշխանությունների բացատրությունը նույնն է. - «Քաղբանտարկյալ հասկացության հստակ ձեւակերպում գոյություն չունի, ուստի այդ հարցով զեկուցողի ժամանումը նպատակահարմար չէ»:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց քաղբանտարկյալներից 9-ին, որոնցում թվում էր նաեւ ամենահայտնի ազատազրկված քաղաքական գործիչը` «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Արիֆ Հաջիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG