Մատչելիության հղումներ

Դատախազությունը չի կարճել «Սիվիլիթաս»-ին առնչվող գործը


Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամում, արխիվային լուսանկար

Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամում, արխիվային լուսանկար

Գլխավոր դատախազությունը մերժել է կարճել Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Բողոքը ուսումնասիրվել է գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից: Քննարկելով բողոքում մատնանշված հանգամանքները` հանգել են այն եզրակացության, որ այն ենթակա է մերժման, ուստի եւ կայացվել է բողոքը մերժելու մասին որոշում, որի օրինակը ուղարկվել է [Օսկանյանի] փաստաբանին», - ասաց Տռուզյանը:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակը չմանրամասնեց, թե ինչ պատճառաբանությամբ է բողոքը մերժվել, ասաց` անհրաժեշտության դեպքում դիմումատուն կարող է հրապարակել մերժման հիմքերը: Իսկ դիմումատուն` Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, դեռ չի ստացել դատախազության` երեկ ուղարկած պատասխանը: Չնայած դրան Աթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ տեղեկացրել էր, որ եթե գործը չկարճվի, այդ որոշումը կբողոքարկեն դատարանում:

Հիշեցնենք, ԱԱԾ-ն պնդում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը թաքցրել է հարկերը. Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին փոխանցվել է 1 միլիոն 135 հազար դոլար, որը, ըստ ԱԱԾ-ի` «խնդրահարույց գումար է»:

ԱԱԾ-ում քննվող գործում Օսկանյանը իբրեւ վկա է ներգրավված, սակայն թե Օսկանյանը, թե նրա փաստաբանը, հղում կատարելով ԱԱԾ-ի հայտարարությանը, ասում են, որ ԱԱԾ-ն նախկին արտգործնախարարին ոչ թե որպես վկա, այլ որպես կասկածյալ դիտում: Այդ պատճառով Օսկանյանը արդեն երկրորդ անգամ հրաժարվում է ցուցմունք տալ եւ պնդում է, որ տեղի ունեցողի տողատակում քաղաքական պատվեր կա, քանի որ ինքն ու «Սիվիլիթաս»-ը չեն կարող կապ ունենալ փողերի լվացման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG