Մատչելիության հղումներ

Օրենսդրական բացերը «խորացնում են խնդիրը»


Ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանի մայրը` Անահիտ Խալաֆյանը:

Ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանի մայրը` Անահիտ Խալաֆյանը:

ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կոչով դիմեց ՀՀ ոստիկանապետին, Արդարադատության նախարարին, նախարարության կալանավայրերի վարչության պետին, Պաշտպանության նախարարին` պատրա՞ստ են արդյոք իր հետ միասին պատասխան տալ Հայաստանի փակ հաստատություններում տեղի ունեցող խոշտանգումների, բռնությունների համար:

«Ե'ս եմ մեղավոր, որ այսօր Հայաստանում կա խոշտանգում, բռնություն, անմարդկային վերաբերմունք կալանավայրերում, ոստիկանությունում, զորամասերում եւ փակ հաստատություններում: Եթե մենք չորսս, հինգս միասին ընդունենք, որ մեղավորը մենք ենք, միգուցե լրագրողը ինձ էլ չի հարցնի` ինչո՞ւ 20 տարի է մենք խոսում ենք նույն բանի մասին, բայց միեւնույն է շարունակում ենք խոսել այդ բռնությունների, խոշտանգումների մասին», - ասաց Անդրեասյանը:

Քիչ չեն քրեակատարողական հիմնարկներում, բանակում այսօր էլ շարունակվող խոշտանգումների դեպքերի մասին լուրերը: Մարդու իրավունքների պաշտպանն ասում է, որ շատ քիչ դեպքերի մասին են ահազանգում մարդիկ: Շատ հաճախ վախենալով հետապնդումներից` պարզապես չեն էլ դիմում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այդ է պատճառը, որ օմբուդսմենը վստահ է, որ խոշտանգումների դեպքերն ավելի շատ են, քան իրականում ներկայացվում է:

«Օրինակ, կալանավայրերից շատ ավելի քիչ են [ահազանգում] բռնության դեպքերի մասին. այնտեղ փակ վիճակ է, վախենում են բարձրաձայնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց օմբուդսմենը:

2000 թվականին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն կոչ է արել Հայաստանի կառավարությանն օրենսդրական փոփոխություններ կատարել` «խոշտանգում» սահմանումը ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվեցիային համապատասխանեցնելու նպատակով: Սակայն, ըստ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատրաստած զեկույցի, մինչեւ օրս օրենսդրական ոչ մի փոփոխություն չի կատարվել:

ՄԱԿ-ի խոշտանգումների ենթակոմիտեի անդամ Արման Դանիելյանը վստահ է, թե «30-ական թվականներից ի վեր մեզանում այս առումով ոչինչ չի փոխվել», եւ Քրեական օրեսգրում առկա բացթողումները նույնպես նպաստում են խնդրի խորացմանը:

«Մենք այսօր նույնիսկ չենք էլ կարող իմանալ, թե մենք քանի խոշտանգումների գործ ենք ունեցել Հայաստանում, որովհետեւ այն հոդվածը, որով ձեւակերպված է խոշտանգում եզրույթը, ճիշտ չի ձեւակերպված, եւ խոշտանգողների մի որոշ մասն էլ դատապարտվում են` եթե դատապարտվում են, այլ հոդվածներով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դանիելյանը:

«Խոշտանգումները հիմնականում իրականացվում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մասնավորապես, ոստիկանության կողմից` ձերբակալության եւ հարցաննության ընթացքում` խոստովանություն ստանալու նպատակով: Հիմնականում իրավապաշտպանները եւ լայն հասարակությունը տեղեկանում են խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին, երբ զոհերը մահանում են իրենց նկատմամբ կիրառված բռնությունների հետեւանքով», - ասված է զեկույցում: Որպես օրինակ առանձնացվում են ոստիկանությունում մահացած Լեւոն Գուլյանի եւ Վահան Խալաֆյանի դեպքերը:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ոստիկանությունը սկսել է «բավականին ակտիվ լուրջ միջոցներ ձեռնարկել այդ առումով»:

«Անձի դաստիարակությունից պետք է սկսել խոշտանգումը կանխարգելելու առումով, եւ ոչ միայն իրավապահ մարմիններում», - հավելեց Հակոբյանը:

Վերադառնալով զեկույցին` նշենք, որ այստեղ բերվում են նաեւ որոշ լուծումներ, կան պետությանն ուղղված առաջարկություններ: ՄԱԿ-ի խոշտանգումների ենթակոմիտեի անդամ Արման Դանիելյանը կարծում է, որ մեր պետական պաշտոնյանները ոչինչ չեն անում այս ուղղությամբ, անգամ չեն կատարում այն պարտավորություններ, որոնք ունեն Ենթակոմիտեի նկատմամբ. - «Մեր պաշտոնյաները, ես կասեի` խրախուսում են խոշտանգումները այսօր: Որովհետեւ եթե մեղադրյալը հայտարարում է, որ ինքնախոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումների ազդեցության տակ, եւ դատախազությունն ու դատարանը ոչինչ չեն ձեռնարկում, դա նշանակում է, որ դրանով նրանք խրախուսում են խոշտանգումները եւ պաշտպանում են այդ հանցագործին, որը կատարել է խոշտանգումը»:

Նշենք նաեւ, որ այս տարի խոշտանգման հոդվածով ընդամենը երկու քրեական գործ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG