Մատչելիության հղումներ

8 հազար բնակիչ ունեցող գյուղը խմելու ջուր չունի


Ավելի քան 8 հազար բնակիչ ունեցող Արարատ գյուղը խմելու ջուր չունի: Գյուղացիներն ամեն օր սպասում են ջուր բերողին: Նրանց մեծ մասը ստիպված է ջուրը գնել մեկ լիտրի դիմաց վճարելով 4 դրամ՝ մոտ 50 անգամ ավելի թանկ, քան ջրամատակարարման ծառայությունների վաճառած ջուրը:

Արարատ գյուղի ջրամատակարարման ցանցը 50-60 տարեկան է: Մոտ 30 տարի է այն օգտագործել չի լինում: Ամռան օրերին երբեմն ջրամբարների ջուրը չի բավականացնում ու գյուղ ջուր բերողներ չեն գալիս:

Առօրյա կենցաղային խնդիրների լուծման համար օրական միջին հաշվով կեսից մինչեւ մեկ տոննա ջուր է հարկավոր: Արարատցիները նման շռայլություն իրենց թույլ տալ չեն կարող, ու այս խնդրին սեփական ուժերով լուծում են տվել: Գնում են միայն խմելու ջուրը, իսկ կենցաղային կարիքների համար օգտագործում են արտեզյան ջրերը: Հոր են փորել, պոմպեր տեղադրել ու կենցաղում խմելու ջրի փոխարեն օգտագործում են ընդերքից եկող ջրերը: Արտեզյան ջուրը, սակայն, անորակ է, փչացնում է ջեռուցման կաթսաները, լվացքի մեքենաներն ու խոհանոցի ծորակները:

Գյուղապետի տեղակալ Էդիկ Ադամյանն ասում է, որ ջրի խնդրի լուծման համար 150 միլիոն դրամ է հարկավոր:

«Մենք բազմիցս դիմել ենք, որ մեզ համար նոր ջրամբարներ կառուցեն եւ ջրագիծը փոխեն։ Նախատեսել են, որ 2013 թվականին մտնի ծրագրի մեջ», - նշեց Ադամյանը։

Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ առաջիկա տարիներին տարբեր ծրագրերով նախատեսվում է նորոգել կամ էլ ջրամատակարարման ցանց կառուցել ջրի խնդիր ունեցող բնակավայրերում՝ այդ թվում նաեւ Արարատ գյուղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG