Մատչելիության հղումներ

Իրականանալի ծրագի՞ր, թե՞ բարի ցանկությունների շարան


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան

Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով ծրագիրը` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այն կազմելիս հիմք են ընդունել ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, ազգային անվտանգության ռազմավարությունն ու ուսումնասիրել են ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու առաջարկությունները:

Հարցին, թե արդյոք կրթության եւ գիտության ծրագիրը նման չէ պարզապես հռչակագրի, Աշոտյանը պատասխանեց. - «Դա գաղափարների, նպատակների կուտակում է, որոնց հասնելու քայլերը պետք է շարադրվեն առանձին փաստաթղթերում»:

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի կարծիքով, սակայն, պարզ չեն նպատակներին հասնելու քայլերը, ծրագիրը պարզապես բարի ցանկությունների շարան է:

Ծրագրի համաձայն` պետք է իրականացվի բուհական ինքնավարության եւ ազատությունների ընդլայնման քաղաքականություն, այսինքն` պետական կոչվող բուհերը պետք է տարիների ընթացքում դառնան հանրային:

Անահիտ Բախշյանը չի հավատում, որ Հայաստանում բուհերը կարող են ազատություն ստանալ կամ ինքնավար լինել. - «Մեր երկրում հնարավոր չէ դա, քանի դեռ մեր բուհերի կառավարման խորհուրդներում տարբեր պաշտոնյաներ են: Այն ինքնավարությունը, որի մասին երազում է Աշոտյանը, չի կարող լինել»:

Աշոտյանը նաեւ նշեց, որ Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններ պետք է անցնեն միջազգային հավատարմագրում. սա պետք է արվի ուսանողներ ներգրավելու, մասնավոր հատվածի հետ արդյունավետ աշխատելու, որակյալ կրթություն ապահովելու համար:

Գրեթե յուրաքանչյուր տարի որոշ բուհեր տարբեր պատճառաբանություններով բարձրացնում են ուսման վարձավճարները, նման քաղաքականությունից խուսափելու համար, ըստ Աշոտյանի, անհրաժեշտ է կիրառել վարձավճարի հաշվարկման մեթոդաբանություն:

Հանրակրթության ոլորտում եւս փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում ոչ թե 9-ամյա կրթությունը կլինի պարտադիր, այլ` 12-ամյա:

Դպրոցական ծրագրում կներդրվի նոր առարկա` ազգային երգ եւ պար, սակայն դեռեւս պարզ չէ, թե երբ, որ դասարանում եւ ինչ տեւողությամբ:

Բոլոր առաջին դասարանցիներին պետք է տրվեն համակարգիչներ:

Խոսելով նախադպրոցական կրթությունից` Աշտյանը նշեց, որ նպատակ ունեն ապահովել 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիութուն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG