Մատչելիության հղումներ

Երեւանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի նորաբաց գրախանութում այսօր տեղի ունեցավ առաջին գրական ասուլիսը, որը նախաձեռնել էին «Գրանիշ» գրական ակումբը եւ «Անտարես» գրահրատարակչությունը։

Ասուլիսին նախ ներկայացվեց «Անտարեսի» կողմից հրատարակված արձակի նոր ժողովածուն, որն ամփոփում է 2011 թվականին «Գրանիշի» եւ «Անտարեսի» նախաձեռնած պատմվածքի մրցույթում հաղթած լավագույն գործերը։ «19 պատմվածք»՝ այս խորագիրն է կրում պատմվածքների ժողովածուն, որտեղ 19 հեղինակի մեկական գործ է ներկայացված։

Մրցույթի կազմակերպիչները՝ «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, «Գրանիշ» գրական ակումբի նախագահ Կարեն Անտաշյանը, ժյուրիի անդամ, արձակագիր Վահրամ Մարտիրոսյանը, այսօր ասուլիսին վստահեցնում էին, որ մրցույթը անաչառ է եղել, ժյուրիի կազմում էլ ճանաչված արվեստագետներ են՝ Ալեքսանդր Թոփչյանը, Զավեն Բոյաջյանը, Դավիթ Գյուրջինյանը, Վաչագան Սարգսյանը։

Գրքում տեղ են գտել Հրաչյա Սարիբեկյանի, Արմեն Օհանյանի, Հովհաննես Երանյանի, Վարդան Ֆերեշեթյանի եւ այլ հեղինակների գործեր։

Այսօր հայտարարվեց նաեւ «Արձակ 2012» լավագուն պատմվածքի մրցույթի մեկնարկը։ Մրցույթը անցկացվելու է հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ներառյալ։ Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր պատմվածքը, որը գրել է 2011 թվականի հոկտեմբերի 15-ից հետո՝ տպագիր կամ անտիպ։ Պատմվածքի ծավալը չպետք է գերազանցի 14 հազար նիշը։

Սահմանված երեք հատուկ մրցանակները եւ մեկ մեծ մրցանակը ժյուրիի որոշմամբ կհանձնվեն հեղինակներին, բայց մինչ այդ ժյուրիի որոշմամբ ընտրված պատմվածքները կդրվեն նաեւ առցանց քվեարկության՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, եւ ընթերցողները իրենք կորոշեն «Իմ հեղինակը» անվանակարգում հաղթողին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG