Մատչելիության հղումներ

«Ես անցել եմ այդ հատվածով: Որը որ ծառով փակված է եղել, ես չեմ նկատել: Ես տուգանվել եմ` 30.000 դրամ: Բողոքելուց հետո անցել է չգիտեմ ինչքան ժամանակ, եկել են, ծառերը կտրել են, մաքրել են, որ երեւա: Բայց իմ տուգանվելը եղել է դրանից առաջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարդան Սանասարյանը:

Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափը սկսել է գործել ապրիլի 20-ից: Արագությունը սահմանափակող` 40կմ/ժ ցուցանակը երկար ժամանակ ծածկված է եղել սաղարթով եւ չի երեւացել:

Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով, մեծ քանակությամբ ահազանգերից ու բողոքներից հետո իրենք որոշեցին այցելել Ռուբինյանց փողոց ու համոզվել, թե որքանով են բողոքներն արդարացված:

Նրա պնդմամբ` բոլոր այն վարորդները, ովքեր գերազանցել էին սահմանված արագությունը, տուգանվել են 10.000-30.000 դրամով:

«Կառավարության 1699 որոշումը միանշանակ ասում է, որ ճանապարհային նշանները պետք է տեսանելի լինեն 100 մետրից: Հետեւապես այդ նորմը պետք է ճանապարհային ոստիկանությունը պահպաներ: Այդպես, փաստորեն, 40 օր, տեսախցիկը փաստում էր իբր խախտում, որ վարորդը չի նկատել», - ասաց Հովհաննիսյանը:

«Ցուցանակը պետք է դրվի ավելի երեւացող տեղ», - նշում են վարորդները: - «Խնդիրը միայն դրա դիրքն ու տեղն է»:

Վարորդներից ոմանք նշեցին, որ նույն խնդիրը նկատել են նաեւ Հալաբյան փողոցում:

«Աքիլլես» կազմակերպության կայքում տեղադրվել է երկու լուսանկար` առաջինն արվել է ապրիլի 29-ին, այնտեղ պատկերված է սյունը, որի վրա ցուցանակը չի երեւում, երկրորդն արվել է դրանից մեկ ամիս անց, որտեղ հատվել է ցուցանակի տեսանելիությանը խանգարող ծառը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 29-ը ընկած ժամանակահատվածում Ռուբինյանց փողոցում արագությունը գերազանցելու համար տուգանված վարորդները կարող են դիմել ճանապարհային ոստիկանություն` որոշումը անվավեր ճանաչելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG