Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի դեսպանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում, արխիվային լուսանկար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում, արխիվային լուսանկար

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը երկուշաբթի օրը ելույթ է ունեցել կազմակերպության Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերին նվիրված քննարկմանը, որին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հումանիտար հարցերով նրա տեղակալը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը, ՄԱԿ-ի անդամ մոտ հինգ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «Հայաստանի դեսպանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է հակամարտության գոտում մարդկության հանդեպ հանցագործության համար Ադրբեջանի պատասխանատվության մասին»: Կարեն Նազարյանը ասել է նաեւ, որ «Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են հարյուր հազարավոր տեղահանված ու փախստական հայերի իրավունքները ոտնահարելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան սանձազերծած էթնիկ զտումների ու ագրեսիայի, ինչպես նաեւ Խոջալու բնակավայրում ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած սպանդի համար»:

Նազարյանը Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ հակամարտության արդյունքում հիմնահատակ ավերվել են հայկական բնակավայրերը` ներառյալ Արծվաշեն, Շահումյան, Գետաշեն եւ 18 այլ գյուղերը, որոնք, դեսպանի խոսքերով, երկու տասնյակ տարիներ շարունակում են մնալ Ադրբեջանի կողմից զավթված ու գրավյալ տարածքներ:

Ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի` նույն օրն ավելի վաղ արված հայտարարությունների, որոնք Հայաստանի արտգործնախարարությունը իր հաղորդագրությունում չի մանրամասնում, Կարեն Նազարյանը ասել է, որ հայկական կողմը քաղաքացիական բնակչության ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների եւ բնակելի տների հանդեպ շարունակվող հրթիռակոծություններն ու ռմբակոծությունները կանխելու համար միջազգային հումանիտար իրավունքի համաձայն իրականացրել է պաշտպանվելու իր պատասխանատվությունը: Նա ընդգծել է, որ ներկայումս Ադրբեջանը շարունակում է Ղարաբաղի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ ոտնձգությունները` մերժելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարունակվող կոչերը` իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք կվերացնեն քաղաքացիական բնակչության նկատմամբ սպառնալիքները:

Այդ համատեքստում Նազարյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների` անցած շաբաթ Լոս Կաբոսում արված հայտարարությունը, եւ կոչ ուղղել ադրբեջանական կողմին` դադարեցնել բոլոր տեսակի սադրանքները, ներառյալ` Հայաստանի հետ սահմանային շրջաններում ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում դիվերսիոն խմբերի գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG