Մատչելիության հղումներ

Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանից մեկնած մարդկանց թիվը մոտ 80 հազարով գերազանցում է ժամանածներինը:

Այս տվյալները հրապարակել է Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով, մեկնածների մի մասը աշխատանքային միգրանտներ են, ովքեր սովորաբար տարեվերջին վերադառնում են: Մյուս մասը ընդմիշտ արտագաղթողներն են:

Միգրացիոն պետական ծառայության համաձայն` անցած տարի Հայաստանից մեկնել ու չեն վերադարձել 44 հազար հայաստանցիներ: Իսկ 2000-20011 թվականներին երկրից արտագաղթածների թիվը, ըստ նույն ծառայության, կազմում է շուրջ 236 հազար մարդ:

«Միգրացիայի հիմնական պատճառները դրանք նախեւառաջ սոցիալ-տնտեսական պատճառներն են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռուբեն Եգանյանը` մանրամասնելով. - «Աշխատատեղերի բացակայությունը, մասնավոր ձեռներեցությամբ զբաղվելու բարդությունները, շուկայի շարունակաբար խորացող մոնոպոլիզացիան»:

Ժողովրդագրի խոսքով` կան նաեւ բարոյահոգեբանական պատճառներ, որոնք գալիս են «ապագայի նկատմամբ վստահության խաթարումից, բարոյահոգեբանական մթնոլորտի անառողջ վիճակից, երկրի հեռանկարների նկատմամբ ոչ այնքան բարձր գնահատականներից»:

Եգանյանի կարծիքով, առաջիկայում Հայաստանի բնակչության թվաքանակի վրա բացասական իմաստով կսկսի ազդել ոչ միայն արտագաղթը, այլեւ ծնելիության նվազումը:

Ռուբեն Եգանյանը տեղեկացրեց, որ 2007 թվականին իր ղեկավարությամբ կատարված հետազոտության արդյունքներով` եթե գործոնները զարգանան լավատեսական սցենարով, ապա 2057 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի 2.9 միլիոն:

«Սակայն ներկայում Հայաստանի բնակչությունն այդ թվից արդեն պակաս է», - հավելեց ժողովրդագիրը` շարունակելով. - «Իսկ ամենավատատեսական տարբերակով` երբ միգրացիան շարունակվում է, ծնելիության անկումը շարունակվում է, իրավիճակը չի կարգավորվում, ապա… մոտ 1 միլիոն 300 հազարի մասին էր խոսք գնում: Ամբողջ ցավն այն է, որ դատելով այսօրվա զարգացման իրողություններից, ավելի ռեալիստական է թվում վատատեսական տարբերակը, քան լավատեսականը»:

Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առ այսօր Հայաստանի պետական մարմինները դժվարություններ ունեն հստակ գնահատական տալու, թե Հանրապետությունից որքան մարդ է արտագաղթել կամ արտագաղթում:

Դավթյանը հավելեց, որ անցած տարի կառավարությունը հաստատել է «Միգրացիոն հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը», որը նախատեսում է կյանքի կոչել առաջիկա չորս տարիներին, եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի հստակ տվյալներ ստանալ արտագաղթածների վերաբերյալ:

«Մենք պիտի ձեւավորենք մի համակարգ, որով կարողանանք գնահատել միգրացիոն իրավիճակը, հասկանալ ինչ միտումներ են մեզ սպասում եւ համապատասխանեցնել մեր վարվող քաղաքականությունը այդ իրավիճակին», - ասաց նա` շեշտելով, որ պետական մակարդակով նման հետազոտություն ցայսօր չի կատարվել:

«Կարող եմ ասել, որ արտագաղթի ու ընդհանրապես Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերի հարցը իշխանությունների առաջնային մտահոգություններից մեկն է, եւ իշխանությունները առաջիկայում որոշակի քայլեր կատարելու են արտագաղթի դեմն առնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: - «Խնդիրը կա, նաեւ կան մոտեցումները, նաեւ ելքերը, որպեսզի հնարավորինս դաշտը այնպիսին լինի, որ մեր ժողովուրդը իր բնօրրանում ապրի: Նաեւ կառավարության ծրագրում կար: Դա ամենակարեւորագույն խնդիրից մեկն է»:

XS
SM
MD
LG