Մատչելիության հղումներ

Արտերկրից ժամանող զբոսաշրջիկների թվաքանակով Հայաստանը զիջում է իր հարեւաններից առնվազն երեքին` Թուրքիային, Վրաստանին եւ Ադրբեջանին:

ՄԱԿ-ի կազմում գործող Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է հերթական տարեկան զեկույցը, որի համաձայն, 2011-ի հոկտեմբերի տվյալներով` Հայաստանը մեկ տարվա ընթացքում ընդունել է 758 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 11 տոկոսով ավելի է, քան 2010-ին:

2011 թվականին Ադրբեջան է այցելել շուրջ 1 միլիոն 500 հազար զբոսաշրջիկ` նախորդ տարվա 1 միլիոն 280 հազարի դիմաց:

Տուրիզմի ոլորտում Հարավային Կովկասի միանձնյա առաջատարը, սակայն, վրացիներն են. ՄԱԿ-ի տվյալներով` մեկ տարում Վրաստան է այցելել 2 միլիոն 800 հազար զբոսաշրջիկ:

Եթե Հարավային Կովկասում Վրաստանը առաջատարն է զբոսաշրջիկների թվաքանակով, ապա համաշխարհային կտրվածքով Հայաստանի հյուսիսային հարեւանները առաջատար են զբոսաշրջության ծավալների աճի ցուցանիշով` մեկ տարվա ընթացքում Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 39 տոկոսով: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, տուրիստական ավանդական երթուղի համարվող Իտալիայում զբոսաշրջիկների թվաքանակի աճը մոտ մեկ տոկոս է կազմել, իսկ, ասենք, Հայաստանի մյուս հարեւան պետությունում` Թուրքիայում` շուրջ 6 տոկոս:

Ի դեպ, Թուրքիայի 2011 թվականի ցուցանիշները, ըստ ՄԱԿ-ի մասնագետների, բավական տպավորիչ են: Ստամբուլը, ինչպես նաեւ թուրքական ծովափնյա հանգստավայրերը ավելի քան 29 միլիոն զբոսաշրջիկների այցելություն են ապահովել: «Երկիր ժամանած օտարերկրյա տուրիստների քանակով Թուրքիան աշխարհում վեցերորդ տեղում է», - նշում են զեկույցի հեղինակները:

ՄԱԿ-ի մասնագետները նաեւ ուսումնասիրել են, թե ինչ ազդեցություն են թողնում զբոսաշրջիկները այս կամ այն պետության տնտեսության վրա:

Այս առումով մեր տարածաշրջանի միանձնյա առաջատարը Թուրքիան է` 2010-2011 թվականներին զբոսաշրջիկները այդ երկրում ընդհանուր առմամբ ծախսել են 23 միլիարդ ամերիկյան դոլար: Դիտարկված ժամանակաշրջանում Ադրբեջան ժամանած զբոսաշրջիկները ծախսել են շուրջ 1 միլիարդ 200 միլիոն, իսկ Վրաստանում` 900 միլիոն ամերիկյան դոլարից քիչ ավելին:

Զբոսաշրջիկներից ստացված եկամուտների առումով եւս Հայաստանը Հարավային Կովկասի հետնապահն է. ՄԱԿ-ի տվյալներով` մեկ տարում Հայաստան ժամանած տուրիստները մոտ 445 միլիոն դոլար են ծախսել երկրում, ինչը ընդամենը 37 միլիոնով է ավելի 2010-ին արձանագրված ցուցանիշից:

Համեմատության համար նշենք, որ հարեւան Իրանում 2010 թվականի տվյալներով զբոսաշրջությունից ստացված եկամուտների ծավալը կազմել է շուրջ 2 միլիարդ 700 միլիոն ամերիկյան դոլար: Ավելի թարմ տվյալներ, ինչպես նաեւ տեղեկություններ զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական Թեհրանը ՄԱԿ-ին չի տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG