Մատչելիության հղումներ

Հայաստան. Հնարավորություն պետական մտածողության համար


Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն

Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն

Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է զեկույց, որով անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին։

Առջեւում նախագահական ընտրություններն են

Մայիսի 6-ի հետո Հայաստանը պատրաստվում է 2013 թվականի նախագահական ընտրություններին։ Դրանք պետք է ցույց տան, թե արդյո՞ք հանրապետությունը փակելու է կեղծած ընտրությունների գրեթե երկու տասնամյակի պատմությունը եւ ձեւավորելու է կառավարություն, որի օրինակարգության աստիճանը բավարար կլինի համապարփակ բարեփոխումներ իրականացնելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Գալիք ընտրությունները, ամենայն հավանականությամբ, մրցակցային կլինեն։ Նախագահ Սերժ Սարգսյանը դրանց նախաշեմին ստացել է պետական մտածողություն դրսեւորելու կարճաժամկետ եւս մեկ հնարավորություն։ Նա ցուցաբերել է որոշակի խիզախություն փոփոխությունները առաջ տանելու հարցում, սակայն, ինչպես եւ իր նախորդները, դեռեւս հաջողության չի հասել տնտեսության կամ կառավարման լուրջ հարցերում, այդ թվում` ղարաբաղյան գործընթացում։

Եվս մեկ կեղծված ընտրությունները է՛լ ավելի կշեղեն երկիրը խաղաղության բանակցություններից եւ տնտեսական լուրջ հարցերի լուծումից։ Հավանական հետեւանքը այն կլինի, որ է՛լ ավելի մեծ թվով մարդիկ կկորցնեն հավատը ժողովրդավարական քաղաքականության հանդեպ եւ կարտագաղթեն երկրից։

Նվաճումներ կան, բայց կան նաեւ հին արատները

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում ասվում է, որ հիմնականում մրցակցային խորհրդարանական ընտրությունները որոշակի դրական ազդակներ են հաղորդել. մամուլի կողմից ընտրությունների լուսաբանումը ավելի հավասարակշռված էր, հավաքների ազատության, ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության իրավունքները մեծավ մասամբ երաշխավորված էին։

Նախագահի առաջնորդած Հանրապետական կուսակցությունը տեղերի լուրջ մեծամասնություն է վաստակել, սակայն երկրորդ տեղն է շահել նախկին կոալիցիոն գործընկերը` «Բարգավաճ Հայաստան»-ը, որն առնչություններ ունի մեծահարուստ գործարարի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ետխորհրդային ժամանակաշրջանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական ուժը` Հայ ազգային կոնգրեսը, ավելի քան տասը տարվա ընդմիջումից հետո վերադարձել է խորհրդարան։

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում ասվում է, որ անցած ընտրություններում, այնուամենայնիվ, առկա էին բացասական հին գործոնները` վարչական լծակների կիրառումը, ուռճացված ընտրացուցակները, ընտրակաշառքը, ընտրախախտումների վերացման անբավարար մեխանիզմները, կրկնակի քվեարկությունները եւ ճնշումներն ընտրողների վրա։

Սերժ Սարգսյանին նախագահություն ապահոված 2008 թվականի ընտրություններին հաջորդել են բախումներ, որոնց հետեւանքով 10 մարդ զոհվել, շուրջ 450-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այդ ամենից հետո ընդունված բարեփոխումները մասամբ են իրագործվել։

Վճռական նշանակություն ունի 2013 թվականի փետրվարին «Հայաստանում պատմության ընթացքում ամենամաքուր ընտրություններն անցկացնելու» մասին Սերժ Սարգսյանի հավաստիացման իրականացումը։ Այստեղ կարեւոր է նաեւ մեկ այլ հանգամանք` հարցումները վկայում են, որ Հայաստանում մարդկանց վստահությունը շատ ցածր է գրեթե բոլոր կառույցների եւ հաստատությունների, այդ թվում` նախագահի եւ խորհրդարանի նկատմամբ։

Քաղաքական խիզախության անհրաժեշտություն

Նախագահն առաջին շրջանում արել է մի շարք խիզախ քայլեր, դրանց թվում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու փորձը։ Առաջատար դիրք է գրավել 40-ը չբոլորած եւ որոշումներ կայացնելու հարցում խորհրդային մտածելակերպի ազդեցությունը չկրող սերունդը, որը հավանություն է տալիս կառավարման նոր ոճին։ Սակայն փոփոխությունները դանդաղ են իրականացվում։

Քաղաքական խիզախություն է պետք` հիմնանորոգելու համար հզոր խրամատներով պաշտպանված բիզնեսի եւ քաղաքականության միության ոչ թափանցիկ համակարգը։ Դրա ներկայիս հզորության մասին է վկայում այն, որ տնտեսության մեծ մասը կենտրոնացված է իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող մի խումբ գործարարների ձեռքում։ 2008 թվականի ետընտրական ճգնաժամը, ինչպես նաեւ 2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հարվածներ են հասցրել Հայաստանին։

Թույլ քաղաքական կամքը, փոխադարձ շահերի շուրջ միավորված շրջանակների դիմադրությունը խոչընդոտում են վարչակարգի նախաձեռնած բարեփոխումները։ Տնտեսությունը տակավին դիվերսիֆիկացված չէ եւ հիվանդագին աստիճանի կախված է տրանսֆերտներից։ Արտագաղթի, այդ թվում` աշխատանքային սեզոնային արտագաղթի ցուցանիշները ահազանգող բարձր մակարդակի են։ Բարձրաստիկան շրջանակներում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար մղելու ջանքերը շատ չեն։ Գործադիրն իր համար ապահովել է գործնականում չվերահսկվող հզոր իշխանություն։ Դատական համակարգը ո՛չ անկախ է համարվում եւ ո՛չ էլ իրազեկ. դատախազը ընթացակարգերում գերիշխող դիրք ունի, իշխանություններին հաշվետու դարձնելու մեխանիզմները հիմնականում ապարդյուն են։

Մամուլի ազատությունը բավարար չէ։ Լրագրողներին հալածելու միտումը նվազել է, սակայն հեռուստատեսությունը, որի միջոցով հայաստանցիների մեծ մասը տեղեկություններ է ստանում, զուրկ է բազմակարծությունից։ Համազգային ծածկույթ ունեցող հեռարձակողնեիրց ոչ մեկը չի համարվում լիովին անկախ։

Ռուսաստանին դեռ այլընտրանք չկա

Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական դաշնակիցը թե՛ որպես անվտանգության երաշխավոր եւ թե՛ որպես ներդրող եւ առեւտրային ամենախոշոր գործընկեր։ Չնայած բազմավեկտորային արտաքին քաղաքականության հռչակմանը եւ եվրատլանտյան համագործակցության խորացմանը, Հայաստանը` Ադրբեջանի հետ պատերազմի եւ Թուրքիայի հետ սառեցված հարաբերությունների հետեւանքով, Մոսկվային իրական այլընտրանք չունի։

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը փորձում են ավելացնել իրենց ազդեցությունը, առաջարկում են բարեփոխումների ասպարեզում իրենց փորձը եւ այլ օգնություն, սակայն պարտավոր են ավելին անել Հայաստանի վարչակազմը հաշվետու դարձնելու եւ ժողովրդավարական հաստատություններ կառուցելու հարցում, մանավանդ եթե ցանկանում են Վրաստանում եւ Ադրբեջանում 2012-2013 թվականին կայանալիք ընտրությունների ժամանակաշրջանում ընկալվել որպես վստահելի եւ անկողմնակալ քննադատներ։

Խաղաղ դեմոկրատական իշխանափոխությունը Հարավային Կովկասում Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց դեռ նոր պետք է բնական երեւույթ դառնա։

Նախագահ Սարգսյանը եւ նրա կառավարությունն ընդունում են նշված խնդիրների մեծ մասի հրատապությունը, սակայն բազում բարեփոխումներ կա՛մ գոյություն ունեն սոսկ թղթի վրա, կա՛մ միտումնավոր այնպես են կազմված, որ զուրկ են իրագործման մեխանիզմներից։

Բարեփոխումների նկատմամբ զգուշավոր, էվոլյուցիոն մոտեցումը լավագույն դեպքում թույլ կայունություն է ապահովում։ Հանրապետականի եւ «Բարգավաճ»-ի կոալիցիայի կազմալուծումը եւ համեմատաբար ավելի մրցակցային խորհրդարանը կարող են վարչակարգին անհրաժեշտ լիցք հաղորդել։

Մինչդեռ կաղալով դեպի բարեփոխումներ շարժվելը ո՛չ Հայաստանի ուժը կավելացնի, ո՛չ էլ դրական կլինի նախագահական նախընտրական մարտավարության համար։ Երկրին ավելի լավ ապագա է պետք, քան այսօրվա գաճաճ տնտեսությունը եւ հարեւանի հետ փակուղի մտած հակամարտությունը։

Առաջարկներ Հայաստանին

Ամփոփելով վերլուծությունը, Միջազգային ճգնաժամային խումբը ներկայացնում է Հայաստանի իշխանություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին, Եվրամիությանը եւ միջազգային կառույցներին հասցեագրված մի շարք առաջարկություններ։

Միջազգային ճգնաժամային խումբը Հայաստանին հորդորում է`

1. Պետական հաստատությունների հանդեպ հանրության վստահություն ապահովելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են առաջնահերթություն համարել արդյունավետ կառավարումն ու տնտեսական բարեփոխումները։

2. Իշխանությունները պետք է հաշվի առնեն միջազգային դիտորդական առաքելությունների գրանցած թերությունները, բարելավեն, մասնավորապես, ընտրացուցակները եւ բողոքարկման ընթացակարգերը, հետաքննեն եւ պատժեն ընտրական գործընթացները խախտող պետական պաշտոնյաներին։

3. Իշխանությունները պետք է պետական առաջնահերթություն համարեն կոռուպցիայի դեմ պայքարը եւ մեքենայությունների մեջ ներքաշված պաշտոնյաներին պատժելը։

4. Անհրաժեշտ է ընդունել նոր Քրեական օրենսգիրք, որը կխթանի դատարանների անկախությունը, կավելացնի պաշտպանության լծակները եւ կնվազեցնի գլխավոր դատախազի լիազորությունները, կբարելավի Վարչական դատարանի արդյունավետությունը պաշտոնյաներին հաշվետու դարձնելու բնագավառում։

5. Հարկ է ավելացնել օմբուդսմենի գրասենյակին հատկացվող ֆինանսական աջակցությունը, հատկապես` մարզերում աշխատելու առումով։

6. Հարկ է քաղաքացիական հսկողության տակ դնել եւ հաշվետու դարձնել ոստիկանության աշխատանքը, պայքարել իրավապահների շրջանում կոռուպցիայի դեմ, առաջարկվում է ստեղծել նախարարություն, որին հաշվետու կլինի ոստիկանությունը։

7. Հարկ է կրկնապատկել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա հակամարտության կարգավորման ջանքերը եւ բաց պահել Թուրքիայի հետ երկխոսությունը վերսկսելու դուռը։

Առաջարկներ ԱՄՆ-ին, ԵՄ-ին եւ միջազգային կառույցներին

Միջազգային ճգնաժամային խումբը ԱՄՆ-ին, ԵՄ-ին եւ միջազգային կառույցներին հորդորում է`

8. Հայաստանի իշխանություններին առաջարկել տեխնիկական եւ ֆինանսական օգնություն ընտրողների գրանցման հարցում, դա նախեւառաջ վերաբերում է ընտրողների ուռճացված ցուցակներին, որոնց առկայությունը խարխլում է հանրության վստահությունն ընտրությունների նկատմամբ։

9. Աջակցել դատական համակարգի կտրուկ բարեփոխումներին, որոնք վճռորոշ նշանակություն ունեն «2012-2016 թվականների գործողությունների ռազմավարական ծրագրի» համար, աջակցել Քրեական նոր օրենսգրքի ընդունմանը։

10. Ավելացնել բարեփոխումներին աջակցող ոչ կառավարական կառույցների ֆինանսավորումը, Հայաստանի կառավարությանը հաշվետու դարձնել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանում ձեռք բերած նվաճումներից, մասնավորապես` մամուլի մատչելիությունից, հավաքների եւ խոսքի ազատությունը երաշխավորելուց նահանջելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG