Մատչելիության հղումներ

logo-print
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը շաբաթավերջին հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը:

Հիշեցնենք, «Բեյզ Մեթալս» ընկերության եւ ԼՂ կառավարության միջեւ մարտ ամսին ստորագրվել էր համաձայնագիր Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրը շահագործելու վերաբերյալ: Ստեղծվել էր միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված էին մասնագետներ տարբեր ոլորտներից, ԼՂ Ազգային ժողովից, կառավարությունից, որոնք էլ «Վալեքս» ընկերության հետ նախապատրաստեցին համապատասխան ծրագիրը։

ԼՂ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը այդ ծրագիրը ներկայացրեց լրագրողներին։ Տարածքը, որտեղ պետք է իրականացվի արդյունահանումը, ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ եւ Ներքին Հոռաթաղ գյուղերը: Հանքաքարը նախատեսվում է շահագործել բաց եղանակով, ինչը մի շարք բնապահպանական վտանգներ է պարունակում: Ըստ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանի, հանքավայրի այսպես կոչված՝ «սանիտարական գոտու» հատվածում գտնվում են ութ բնակարաններ, որոնք էլ կտեղափոխվեն:

Կարեն Եսայանը նաեւ հավաստիացրեց, որ մասնագետները հնարավոր են համարում բնակչության բնականոն կենսագործունեության եւ հանքավայրի շահագործման համատեղումը՝ տեղադրելով համապատասխան սարքավորումներ, որոնք նվազեցնում են փոշու եւ արդյունաբերական գործունեության այլ հետեւանքների ազդեցությունը։

«Մենք այս փուլում ունեցած ինֆորմացիայի եւ եզրակացությունների հիման վրա ընդունեցինք բնապահպանների առաջարկությունը՝ ընտրել այս ճանապարհը։ Եվ դա է պատճառը, որ հնարավոր դարձավ այս հանքավայրում ունենալ առաջին հայացքից բավական փոքր՝ 500 մետրանոց սանիտարական պաշտպանական գոտի եւ համատեղել այդ աշխատանքը», - նշեց ԼՂ տնտեսական զարգացման նախարարը։

Վերջին տարիներին հանքարդյունաբերությունը դարձել է ԼՂ տնտեսական ցուցանիշներ ապահովող հիմնական ուղղությունը: 2011 թվականին այդ ոլորտն ապահովեց արդյունաբերական արտադրանքի ավելի քան 40 տոկոսը եւ արտահանման մոտ 70 տոկոսը:

Նախատեսվում է, որ Կաշենի ապագա կոմբինատը տարեկան կմշակի մոտ 1 միլիոն 600 հազար տոննա հանքաքար այն դեպքում, երբ Դրմբոնի կոմբինատը մշակում էր 350 հազար տոննա հանքաքար:

Այս ծրագիրը իրագործելու նպատակով «Վալեքս» ընկերությունը ներդրել է 80 միլիոն ամերիկյան դոլար: Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչեւ 2015 թվականը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG