Մատչելիության հղումներ

Շրջանառության մեջ են մտնում նոր թղթադրամները


Հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում հինգ հազար, տասը հազար եւ քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները:

Մինչեւ օրս գործող հին թղթադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ։

«Այս նորացված թղթադրամները տրամաբանական շարունակությունն են այն թղթադրամների, որոնք այսօր շրջանառվում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կենտրոնական բանկի Դրամաշրջանառության կարգավորման վարչության արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանը։

Յուրաքանչյուր անվանական արժեքով դրամանիշի տեսակարար կշիռը ենթարկվում է փոփոխության` կախված դրամի նկատմամբ տնտեսութան պահանջարկից: Կենտրոնական բանկից հայտնում են, որ անցյալ տարի տնտեսությունում պահանջարկ կար վերաթողարկել 1000, 5000, 10000, 20000 անվական արժեք ունեցող թղթադրամները: Նախեւառաջ կատարվեց թղթադրամների նույնականացման ծրագիր, այսինքն` բոլոր 4 տեսակի թղթադրամները բերվեցին միեւնույն արտաքին տեսքի:

«Պատկերները պահպանվեցին, սակայն պաշտպանական հատկանիշները, որոնք կազմում են թղթադրամի դիզայնի որոշակի մաս, թեթեւակի փոխվեցին։ Դա, իհարկե, կկանխի նաեւ կեղծարարությունը», - մանրամասնեց Նունե Տերյանը։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասում է, որ սա նորմալ գործընթաց է, եւ նոր թղթադրամների թողարկումը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ դրամաշրջանառության, գնաճի կամ տնտեսական երեւույթների վրա։

«Յուրաքանչյուր հաջորդ լուծում կոչված է ավելի պաշտպանված դարձնելու», - նշեց ԿԲ նախկին նախագահը՝ արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե թղթադրամների փոփոխությունը ինչպիսի՞ ազդեցություն կունենա թղթադրամների պաշտպանվածության վրա։

Ըստ Բագրատ Ասատրյանի, կա եւս մի խնդիր, որ անհրաժեշտ է լուծել՝ փողի գեղագիտական կողմը, փողը որպես սիմվոլ ընկալելու յուրահատկությունը։ Եթե 1000 ու 20,000 դրամանոց թղթադրամները, ըստ մասնագետի, հաջողված են, ապա նույնը չի կարելի ասել այլ թղթադրամների մասին։

«Տեսեք, օրինակ, տասը, հինգ եւ հազար դրամանոցները․ ընդհանուր գույն, դիզայնի առումով նմանություններ շատ են։ Օտարի աչքով եթե նայես, ես գիտեմ դեպքեր, երբ շփոթում էին», - նշեց Ասատրյանը։

Այսօրվանից շրջանառության մեջ կմտնեն նաեւ նոր հիսուն դրամ անվանական արժեքով մետաղադրամներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության մարզերին եւ Երեւան քաղաքին։

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG